Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը պատասխանել է Ուրիխանյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News 

․

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը պատասխանել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, թե հիմնադրամն իրեն դատի է տվել «1,9 մլրդ դրամի հասնող պարտավորություններ չեն կատարվել» արտահայտության համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ավետիքյանը հայտնեց, որ Ուրիխանյանն իր որոշ գրառումներով ու հայտարարություններով արատավորել է Հիմնադրամի բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը:

«Հիմնադրամը դատարանից խնդրել է պարտավորեցնել պարոն Ուրիխանյանին հերքել հիմնադրամի կողմից գաղտնի ծախսեր կատարելու, ժողովրդին պատկանող գումարներն անհետացնելու (յուրացնելու), համապատասխան ֆինանսական հաշվետվություններում գումարները չարտացոլելու (չհաշվառելու), գործող օրենսդրության պահանջների խախտման և, կամ չպահպանման վերաբերյալ բոլոր պնդումները, հայտարարությունները և դատողությունները»,- ասաց Ավետիքյանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց նաև, որ Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները հեղինակավոր Earnst and Young միջազգային անկախ աուդիտորական կազմակերպության կողմից անցել են աուդիտորական ստուգում ու տրվել է եզրակացություն, որ հիմնադրամի հրապարակած ֆինանսական հաշվետվություններն արտացոլում են իրական պատկերը։

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հունիսի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտնեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իրեն դատի է տվել «1,9 մլրդ դրամի հասնող պարտավորություններ չեն կատարվել» արտահայտության համար, որով պահանջվում է հերքել այդ արտահայտոթյունը:

--0--ԱՀ