Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News  

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

« Ձերդ Գերազանցություն,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Ձեր ղեկավարմամբ Չինաստանի զարգացման և չին ժողովրդի բարգավաճման ապահովման գործը ձեռք է բերել հաստատուն ընթացք, որի փայլուն օրինակն է COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ ՉԺՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների և քայլերի իրականացումը:

Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացմանը: 2019 թվականի մայիսին Չինաստան կատարած իմ այցի ընթացքում մեր հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և այդ հանդիպմանը հաջորդած փոխանակումները համագործակցության տարբեր ոլորտներում նոր թափ են հաղորդել մեր հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու մեր պետությունների միջև համագործակցության վերընթաց զարգացումն առավել խթանելու նպատակով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Ձեր ընտանիքին և հարազատներին՝ երջանկություն ու բարօրություն»։   --0—ՄՀ