Կենդանաբանական այգու և ԳԱԱ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News 

հասարակական

Երևանի կենդանաբանական այգու և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այս մասին հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց։

Փաստաթուղթը ստորագրել են կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը ու կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։

Հուշագրի ստորագրման նպատակն է՝ գիտական և կրթական հարաբերությունների ձևավորումը երկու կառույցների միջև և դրանց հետագա զարգացումը։

Նախանշվել են այն հիմնական ուղղությունները, որոնցով կընդլայնվի Երևանի կենդանաբանական այգու ու կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջև գործակցությունը։

Վլադիմիր Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Բարդուխ Գաբրիելյանին այգուն աջակցելու պատրաստակամության համար և ընդգծել, որ այս փաստաթուղթը կնպաստի Երևանի կենդանաբանական այգու մասնագիտական գործունեության կատարելագործմանը, այգին ոլորտի գիտական կենտրոն դարձնելուն ուղղված քայլերին։

Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ ողջունելի է Երևանի կենդանաբանական այգու նոր տնօրինության այս քայլը ՀՀ ԳԱԱ և այլ գիտական կառույցների հետ երկխոսության ձևավորման առումով։ Նա նշել է, որ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը կփորձի իր ներդրումն ունենալ Երևանի կենդանաբանական այգու հետագա զարգացման և գործունեության արդյունավետության բարձրացման գործում։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի, այդ թվում՝ սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման, համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման, վերապատրաստումների և այլ հարցերի շուրջ։

--0--ԿԿ