Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը և մնացածի մարմնաշարժությունը կամ հեղաշրջման փորձից առաջ 

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 13, 24News

Լևոն

«Մենք գնում ենք Մադրիդ չորս բանակային շարասյունով, հինգերորդը կխփի ներսից»։

Գեներալ Էմիլիո Մոլա, 1936 թ.

 

Հանրապետության առաջին նախագահը մշտապես աչքի է ընկնում իր բացառիկ վերաբերմունքով խոսքի ուժի և ազդեցության նկատմամբ: Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս մշակված բանավոր և գրավոր խոսքով ու իր մտքի արտադրությունը հանրայնացնում է՝ ժամանակը ընտրելով: Լավ իմաստով նա ժլատ է խոսքի ու վերաբերմունքի դրսևորման հարցերում, ինչը հատուկ է իրենց արժեքն իմացող մեծերին: 

Նախագահի մյուս գլխավոր հատկություններից է պետության շահի՝ որպես բացարձակ արժեք ու գլխադասային գործոն, գիտակցումը և քարոզումը: 

Արձանագրելով վերոգրյալը՝ փաստենք, որ դեռևս շատ կարճ ժամանակ է անցել, երբ Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը հանրությանը ներկայացվեց: Եվ արդեն իսկ օրերս նրա կողմից հրապարակվում է կարճ մի հոդված, որի բովանդակության իմաստը պատերազմող պետության իշխանությանն ընդդեմ գնալու ու դրա հետևանքի մասին է. «Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին: Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա, դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»։ 

Ինքնին այս մոտեցումը վկայում է պետականության բարձր մշակույթ ունենալու և լայնախոհության մասին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Նիկոլը, երբեմն-երբեմն իր մանր-մունր բացասական դրսևորումներն է ցուցադրում առաջին պրեզիդենտի ուղղությամբ, ինչը անհետևանք չի մնալու: 

Ո՞րն է Տեր-Պետրոսյանի մոտիվացիան պետական մտածելակերպին զուգահեռ: Հասկանալու համար անհրաժեշտություն ունենք հետ գնալու դեպի մոտակա պատմության դեպքերը: 

1998 թվականի հրաժարականից հետո նախագահը առաջին նման քայլի գնաց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևանքով երկրում ծայր առած ծայրահեղ լարված իրավիճակի մթնոլորտում: Նա կոչով հանդես եկավ՝ ուղղորդելով բոլոր ուժերին՝ կանգնելու Ռոբերտ Քոչարյանի թիկունքին՝ նետված մարտահրերներին արժանապատվորեն դիմագրավելու և պետության մեջ վերահսկողությունը հաստատուն պահելու համար: Իհարկե, առաջին հայացքից սա տարօրինակ մոտեցում էր՝ հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի ու նրանց թիմերի միջև եղած շիկացած լարվածությունը, բայց, խորության մեջ քննելով, այն բացվում է ըստ իր էության: Ի դեմս հոկտեմբերի 27-ի՝ Հայաստանին հասցված սպանիչ հարվածը խնդիր ուներ ոչ միայն լիկվիդացնելու պետության ընտրանուն, գլխատելու երկիրը, այլև առաջացնելու ներքին թշնամություն, պառակտում, տանելու արյունաքամության: Եվ հարվածի արմատային սկիզբը, ելքային ուղղությունը պարզ չէր կամ ոչ բոլորի համար էր հստակ: Ու մինչ օրս այն շարունակում է մշուշի մեջ մնալ: 

Այդպիսով, Լևոնը ոչ թե Ռոբերտի իշխանությունն էր ամրապնդում, այլ պետությունն էր ուժեղացնում, որի գլուխը մնացել էր Քոչարյանը՝ ընդդեմ արտաքին ու ներքին հուժկու և անակնկալ սպառնալիքների: Եթե ավելի կարճ, ապա ինքնիշխան պետության վտանգների չեզոքացմանն էր ուղղված առաջին պրեզիդենտի կոչը: 

Նույնը եղավ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի և «Սասնա Ծռեր»-ի ահաբեկչության ժամանակ: Առաջինի ժամանակ նույնիսկ հանդիպում տեղի ունեցավ, որը նախաձեռնեց Լևոն Տեր-Պետրոսյանը, և իր համաձայնությունը տվեց Սերժ Սարգսյանը՝ գալով Տեր-Պետրոսյանի առանձնատուն: Սա Երրորդ Հանրապետության գեղեցիկ էպիզոդներից մեկն է և պետական մտածելակերպի արգասիքներից է: 

Հետաքրքիր է, որ պրեզիդենտ Տեր-Պետրոսյանի սաստող հոդվածից ժամեր անց կառավարության կազմի փոփոխության պահանջով հանդես եկավ Ծառուկյան Գագիկը: Վերջինս Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներիների գլխավոր պրոդուկտներից է իր  կուսակցությամբ հանդերձ, որն անցավ Սերժ Սարգսյանին, և երբ փորձեց հակադրվել իշխանությանը, Սերժ Սարգսյանի կոշտ մի արտահայտությունից հետո հապշտապ հեռացավ, թե՛ հրապարակից թե՛ քաղաքականությունից: Ծառուկյանը երբեք չի կարող պոլիտիկայում ինքնուրույն գործոն լինել: Դա իր դաշտը չէ: Նրան ինչպես ժամանակին բիզնեսում, այնպես էլ քաղաքականության մեջ հովանավորներ են պետք: Բայց հարցի թնջուկը հետևյալն է: Նիկոլ Փաշինյանը, որն իր լրագրողական կյանքում իրավացիորեն պայքարել է Ծառուկյանի և հանրային այդ տեսակի դեմ, 2007 թվականին հանդես էր գալիս «Ոչ ռոբոտացմանը, սերժանտացմանը, դոդացմանը» կարգախոսով, իր լիարժեք ազդեցության և ապա իշխանության ժամանակ սլաքը ոչ միայն չուղղեց դեպի ԲՀԿ ղեկավարը, այլ հակառակը՝ հետը հուշագիր ստորագրեց և դեռ մի հատ էլ Գագիկին օլիգարխի ստատուսից տեղափոխեց օրինավոր սեփականատերի պատվարժան կարգավիճակին: Մի շռայլություն, որ Ծառունյանի նկատմամբ թույլ չէին տվել նույնիսկ ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը: 

Կենտրոնաձիգ իշխանավարում ունեցող պետության մեջ բացառվում է փողի մեշոկով կուսակցությունների ստեղծումը և իշխանության խրախուսմամբ նրանց արագ հաջողության հասնելը: Սա հակապետական ու խիստ վնասակար երևույթ է, բայցև՝ ուրիշ խոսակցության նյութ: 

Հնարավոր է, որ Հայաստանում պատրաստվում է հեղաշրջում, որը բացառված չէ, որ սնվում է դրսից: «Հեղափոխություն» կոչված իշխանափոխությունից հետո պետության լծակներն ստանձնած թիմը պետք է վերածնունդ ապահովելու հետ մեկտեղ իրականացներ նախկիններին՝ իր կողմից հայտարարած պատերազմի տոտալ հաղթանակը: Բայց փաշինյանական վարչակազմը վերոնշյալներից առաջինի դեպքում սկզբում մի քանի քայլ անելուց հետո կանգ առավ (երևակայության, անկարողականության ու խորության բացակայությունների պատճառով), իսկ երկրոդում` որևէ ֆունդամենտալ հաջողություն չհասավ: Սրանք հիմք դարձան այլ ու հակադիր ուժերի ակտիվացման համար: Եվ ջրի (կամ ճահճի) տակ սկսվեց զորահավաքի գործընթացը:

Փաշինյանը շանս ունի առաջին լուրջ ալիքին դիմագրավելու: Դրա համար նրան համբերություն է պետք բոլոր խաղացողների բացահայտման շրջանակը տեսնելու ու փակելու համար և ժողովրդին կազմակերպելու ու նախկին վերնախավերի միաձուլված միավորմանը պարտության մատնելու: Նրան այսօր բացահայտ հակադրվող միավորները նույնպես կարիք ունեն համբերության և կարող են դա անել՝ հաշվի առնելով նրանց հսկայական նյութական պաշարները, մեդիառեսուրսները (որոնք Նիկոլը չի կարողանում փոշիացնել) և մեկ նպատակի (Փաշինյանին, ոչ թե «Իմ Քայլ»-ին գետնելը) շուրջ հավաքվելը: Համբերությունն անհրաժեշտ է, որպեսզի այսօրվա կառավարությունը հայտնվի լիակատար կառավարման ճգնաժամի մեջ և հասնի կրիտիկական հատակի, որի դեպքում նրա հեռանալը բոլորի համար անհրաժեշտ լինի: Համենայնդեպս, այսօր կամ շատ մոտ ապագայում նախկինների վարչապետին գցելու քայլերը կարող են ֆալստարտ դուրս գալ և, նրա դիրքերը լավ թուլացնելով հանդերձ, չծառայեն գլխավոր նպատակին: Սա, իհարկե, այն դեպքում, եթե թավշյա իշխանափոխականներին հակադրվողների գործողությունների ժամացույցը Հայաստանից դուրս չի գտնվում ու արդեն իսկ միացված չէ:  

Այն, որ այսօրվա կառավարող թիմը տապալվել է պետականաշինության գործում ու մեծ մինուսներ է գրանցում երկրի ընթացքի մեջ, դա փաստ է: Այն, որ չի կարողանում համաճարակի դեմ օպտիմալ պայքարել դա նույնպես ակնհայտ է: Եվ որ սրա ֆոնին կա հստակ ընդիմացողների աշխուժացում. դա էլ է ակնհայտ ու բնական և մտահոգիչ: 

Այս ամենի համագումարում Տեր-Պետրոսյանը ճիշտ է: Վազգեն Սարգսյանի բնորոշած՝ «Սա Ամենայն Հայոց Պատերազմ է։ Անկասկած, վերջինը: Անկասկած, ամենահաջողը մեր պատմության մեջ»... Այս պատերազմում հաղթանակած գերագույն գլխավոր հրամանատարը ամբողջովին պատկերացնում է նման ճգնաժամի դեպքում թիկունքային հարվածների նպատակն ու ազդեցությունը: Եվ այս պարագայում պետք է պայքարը ամրապնդվի ինքիշխանության գաղափարի շուրջ: Լինի ռեզերվային տարբերակ, որ եթե գործող կառավարիչները վերջնականորեն տապալվեն ու հոսեն ներքև (ինչը շատ հավանական է) գաղափարական, համակարգային ընդդիմության բացակայության դեպքում կազմակերպվի համազգային միավորում` հանուն անկախ պետության ինքնիշխանության պահպանման: 

Այս դրոշը բարձրացնողը ի հայտ կգա: 

Սա այն խոսակցությունն է, որ մենք սկսել ենք դեռևս երկու տարի առաջ՝ երրորդ ուժի մասին, որի անհրաժեշտությունը կա ու, անկախ իրավիճակից և ժամանակից, նա ստեղծվելու է: Այս համատեքստում՝ մի հիշեցում. 1998 թվականին «Մարդու ժամանակը» հաղորդաշարի շրջանակում տված իր հայտնի հարցազրույցում Վանո Սիրադեղյանը ասել է. «Ես համարում եմ, որ երկրի անվտանգության համար պարտադիր է լուրջ օպոզիցիա ունենալը: Համենայնդեպս, այն դեպքերի համար, երբ որ հիմա, փաստորեն, զինադադար է, բայց պատերազմը չի ավարտված: Էն դեպքերի համար, երբ որ երկրում կրիզիս կսկսվի. արտաքին, զուտ Ղարաբաղի հետ կապված: Ներսում չեմ կարծում, որ շատ բարդանա իրավիճակը: Բայց դրսի բարդությունը կանցնի ներսին: Եվ հնարավոր է՝ գա մի ժամանակ, որ իշխանությունը չկարողանա կառավարել երկիրը: Էդ դեպքի համար պատրաստի ինչ-որ քաղաքական կառույց է պետք կամ քաղաքական կոալիցիա կամ քաղաքական պատրաստի մի մարմին, որը կարող է իր վրա վերցնել երկրի կառավարումը»: 

Վանոյի՝ քաղաքագիտական ճշգրտություն պարունակող այս խոսքերը, կարելի է ասել, ինչ-որ առումով, իրականացան 2018 թվականին, և կարող է՝ կարիք լինի, որ շուտով նորից կյանքի կոչվեն: 

 

P. S. Առայժմ հաշվեկշռի մեջ պահենք Սերժ Սարգսյանին: Նա ունի կազմակերպված ռեսուրս (անկախ վարկանիշից), ֆինանսական մեծ ներուժ և Ղարաբաղի հարցի հետ կապված հետաքրքրություն: Չբացառենք, որ մոտ ժամանակներս էքս նախագահը չերևացող տեղից իր խաղը զարգացնի ու հստակ դերակատարություն ունենա, ինչպես 2018 թվականին` այս անգամ այլ ռակուրսով: 

 

Ռուբեն Վարդանյան 

պատմաբան, հրապարակախոս