ԱԴ-ի իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստով մեկ օրում հայտնաբերվել է 1403 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

հասարակական

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ 

Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 30316 արձանագրություն, իսկ հունիսի 11-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1403 դեպք։

Բոլոր օրինախախտումների փաստերով  կազմվել են համապատասխան արձանագրություններ։  Այսօր արտակարգ ռեժիմով ստուգայցեր են իրականացվում Նոր Նորք վարչական շրջանում։

Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։

Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:

--0-- ՍՊ