Ծառուկյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News 

իրավական

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործի վերաբերյալ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել։ Փաստաբանի խոսքով հրապարակումներն անօրինական են եղել․ 

«Այս մասով միանշանակ ինչ-որ մեկը պետք է պատասխանատվության ենթարկվի, քանի որ առկա են ՀՀ ՔՕ 144-րդ հոդվածի (Մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի հատկանիշներ, ըստ էության, գտնում ենք, որ ինչ-որ պաշտոնատար անձի  բացթողման կամ ամփութության կամ իր լիազորությունները չարաշահելու արդյունքում են, որ դրանք հայտնի են դարձել երրորդ անձանց։ Հրապարակված փաստաթղթերն ամեն մեկին հասանելի չեն լինում, ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանվում է, որ դռնփակ դատական նիստերով կայացված որոշումները, վճիռները հրապարակման ենթակա չեն, դրանք իմպերատիվ պահանջներ են», - նշեց փաստաբանը։ 

Էմին Խաչատրյանը նշեց, որ շատ վաղ փուլ է, որպեսզի ենթադրություններ կատարի, թե հստակ ով պետք է պատասխանատվության ենթարկվի այս գործով․ «Նախ ուզում ենք հասկանալ, թե արձագանք կստանա մեր ներկայացրած դիմում, բայց համոզված ենք, որ պետք է քրեական գործ հարուցվի։ Եթե հետազոտեք այդ փաստաթղթերը, ապա կտեսնեք, որ վերեւի աջ անկյունում գրիչով կամ մատիտով համարակալված է։ Դրանից կարող ենք հետեւություն անել, որ այդ փաստաթղթերը դուրս է բերված արխիվային գործից։ Այդ գործը ժամանակին արխիվացվել է ու այդ գործից է դուրս եկել»։

Փաստաբանն այն կարծիքին է, որ վերջերս տեղի ունեցող իրողություններն արդեն հետևություններ անելու տեղիք են տալիս, միևնույն ժամանակ նշեց, որ փորձում է այնուամենայնիվ զերծ մնալ քաղաքական մեկնաբանություններ տալուց։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ