Հայկ Մարությանի քարտուղարուհին վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

մարության
«Հրապարակը» տեղեկություն է ստացել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի քարտուղարուհու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Նրա առաջին քայլը եղել է այն, որ զանգահարել է ու հրավիրել շտապբուժօգնություն՝ ընդհանուր ստուգման և թեստ հանձնելու նպատակով։ 

Ըստ աղբյուրի հաղորդման՝ քաղաքապետարանում տասնյակ աշխատակիցներ կամ նրանց հարազատներ հիվանդ են, սակայն ո՛չ պատշաճ ախտահանվում են աշխատասենյակները, ո՛չ էլ թեստավորում են հնարավոր շփում ունեցողներին։ Մինչդեռ, շրջանառվող լուրերի համաձայն՝ քարտուղարուհին օգտվում է քաղաքապետարանի աշխատակիցների տեղափոխման համար նախատեսված ավտոբուսից, որից մյուս աշխատակիցներն էլ են օգտվել, սակայն նրանք ո՛չ մեկուսացվել են, ո՛չ էլ թեստավորվել։ 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը աղբյուրի հետ զրույցում, անդրադառնալով տեղեկությանը, նշել է, որ ոչ մի տվյալ չի կարող հաղորդել։ 

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի թեստ հանձնելուն՝ վարչության պետը նշել է, որ որևէ նորություն չունի այդ առումով։

Նա նաև նշել է, որ կոնկրետ չի կարող թիվ նշել, թե քանիսն են քաղաքապետարանում վարակակիր․ «Թիվ չեմ կարող նշել, առնվազն երկու հոգի կան։ Մեր առողջապահության վարչության և նախարարության ցուցումով ով ենթակա է մեկուսացման, մեկուսացվել է»։

Մինչդեռ քաղաքապետարանի՝ «Հրապարակի» աղբյուրը նշում է, որ քարտուղարուհու և մյուս վարակակիրների մասին տեղեկությունները գաղտնի են պահվում, որ խուճապ չառաջանա և մարդիկ՝ անտեղյակության մեջ, շարունակեն աշխատել։ Հստակ և ճշգրիտ ինֆորմացիա միայն ընտրյալներին են տալիս։