Բելառուսում մայդաններ չեն լինի.Լուկաշենկոն կոչ է արել զուգահեռներ չանցկացնել Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

բելառուս.մայդան

«Բելառուսում մայդաններ չեն լինի»: Այդ մասին Բելառուսի նախագահը հայտարարել է պետական անվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Белта-ի թղթակիցը:

«Պետական անվտանգությունը հիմքերի հիմքն է։ Պետական անվտանգության կոմիտեին,նախագահի հետ միասին, մեր պետության անկախության և ինքնիշխանության պաշտպանության առաջատար դերն է վերապահված։

Տեղյակ ենք այն նպատակներից, որոնք ունեն այստեղի որոշ «օդ փչողներ»: Նման նպատակները մեզ պարզ են. նախագահական ընտրությունների նախաշեմին կամ ընտրությունների օրը մեզ մայդան սարքելու ցանկություն: Այդպես են ծրագրել: Ուզում եմ այս հանդիպմանը ձեզ զգուշացնել և բոլոր նրանց, ովքեր լսում են, բոլոր այդ «մայդանացվածներին» զգուշացնել, որ Բելառուսում մայդաններ չեն լինելու»,- պարզաբանել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը կոչ է արել զուգահեռներ չանցկացնել և չհամեմատել Բելառուսում տեղի ունեցողը Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած նախորդ իրադարձությունների հետ.

«Պետք չէ մեզ համեմատել այնպես, ինչպես վերջերս հարևան երկրի թերթն էր համեմատել՝ գրելով, թե իբր մեզ մոտ նոր փաշինյաններ ու նոր զելենսկիներ են հայտնվել: Մենք «փաշինյաններ և զելենսկիներ» չունենք: Ինչ էլ տեղի ունեցած լինի Հայաստանում և Ուկրաինայում, նրանք երկուսն էլ` և՛ Փաշինյանը, և՛ Զելենսկին տաղանդավոր մարդիկ են: Ես նրանց հետ արդեն մոտիկից եմ ծանոթացել: Նրանք անխոս տաղանդավոր մարդիկ են և որ գլխավորն է` իրենց երկրների հայրենասերներ: Նրանք նվիրված են իրենց երկրներին»,-հավելել է Լուկաշենկոն:

«Իսկ մերոնցից ոմանք գրոշներով ցանկանում են ծախել այն ամենը, ինչն այստեղ ստեղծվել է ոչ միայն նախագահ Լուկաշենկոյի, ոչ միայն իշխանության, այլ ժողովրդի կողմից: Եվս մեկ անգամ դիմում եմ «մայդանացվածներին»՝ մենք երբեք թույլ չենք տա ապակայունացնել իրավիճակը մեր երկրում»,-ասել է նախագահը:

Պետության ղեկավարն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ մարդկանց ոչ ոք չի խանգարում արտահայտել իրենց կարծիքը, սակայն նրանք պետք է մնան նաև օրենքի շրջանակում.

«Մենք ոչ ոքի բերանը չենք փակի: Մինսկում և բոլոր քաղաքներում հատուկ կետեր կան, որտեղ կարելի է քննարկումներ անցկացնել: Եթե չեմ սխալվում՝ Մինսկում այդ կետերը 6-ն են: Մեր գործը վերահսկողություն սահմանելն է, որպեսզի մարդիկ սահմաններից դուրս չգան. պետանվտանգության կոմիտեն ոստիկանության հետ համատեղ ոչ մի դեպքում չպետք է թույլ տա, որ օրենքի խախտումներ լինեն»,-ընդգծել է նա:

Ըստ բելառուս առաջնորդի՝ առողջական համավարակից բացի կա նաև ընտրություններին ընդառաջ քաղաքական համավարակ, տնտեսական համավարակ և մի շարք այլ համավարակներ, որոնք պտտվում են իրենց շուրջը, բայց դեռևս չեն համարձակվում քիթը մտցնել Բելառուս: