Դանակահարություն՝ Ակնալիճ գյուղում․ կասկածվողը հայտնաբերվել է և ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Մայիսի 26-ի գիշերը ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ակնալիճ գյուղում հարձակվել են բնակիչներից մեկի տան վրա։ Օպերատիվ խումբը գյուղի ճանապարհին էր, երբ ստացվեց հաջորդ ահազանգը․ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ որովայնի շրջանում դանակահարված վիճակում հոսպիտալացվել է Ակնալիճ գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ։ Գյուղ մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել գյուղի Ազատամարտիկների փողոցում։ Կենցաղային հարցերի շուրճ համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ։ Տեղում պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, և արդեն մայիսի լույս 27-ի գիշերը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մեծամորի բաժին։ Ակնալիճի 57-ամյա բնակիչը ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։