Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News    

եկեղեցի

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման առթիվ մեկ անձ է ձերբակալվել։ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննություն է սկսվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, անհայտ անձը մայիսի 23-ին վայրագորեն պոկել ու մայթին էր նետել եկեղեցու մուտքի դարպասների վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահն արձանագրել էին եկեղեցու անվտանգության տեսախցիկները։

եկեղեցի

Հարձակման մասին բողոք է ներկայացվել ոստիկանություն, իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը։ Ոստիկանությունում տեսախցիկների տեսագրության օգնությամբ պարզվել է հարձակում կատարած անձի ինքնությունը, արդյունքում վերջինս ձերբակալվել է։ Դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ Թուրքիայի քաղաքացներից մեկը  փորձել էր վառել  Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։