Ղալումյանների հետևից պետք չէ «ընկնել». Արծրուն Ղալումյանը՝ Դավիթ Խաժակյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

.

ՀՀ Երևանի ավագանու անդամ պարոն Դավիթ Խաժակյանին.

Առավոտյան կանուխ կարդացի Ձեր մտահոգությունները՝ Ղալումյանների մասին:

Այո, Վահե Ղալումյանը 2001-ից աշխատել է «Իջևանի ՃՇ» ՓԲԸ-ում։ Նրա ունակությունների, կարգապահության և աշխատասիրության շնորհիվ նշանակվել է փոխտնօրեն։ Վահե Ղալումյանը մինչև 2014թ․ չէր կարող ուղղակի կապ ունենալ կամ միջնորդել որևէ մրցութային կազմակերպության հետ և այժմ էլ չի կարող, որովհետև հարգել գիտի, չի շրջանցի իր ընկերոջը (Վարչապետին)։

Ինչ վերաբերում է Վահագն Ղալումյանին։ Մինչև վերջ ծանոթացեք Ձեր կողմից նշված մրցութային փաստաթղթերին և կհամոզվեք, որ իմ եղբոր տղան տուժող է և ոչ թե հաղթող։ Իմ մասով ասեմ, որ 2003թ․ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել մեծամասնական ընտրակարգով՝  որպես անկուսակցական։

Վերահսկից պալատի կողմից գրված 95,0 միլիոն դրամի ակտի մասով։ Խնդրում եմ լինեք Իջևանում, անցնեք Մ-4 Աչաջուր և Մ-4 Լուսահովիտ ճանապարհով, որոնք կառուցվել են 2010թ․-ին։ Եթե կնկատեք ինչ-ինչ թերություններ՝ պատրաստ եմ դրա համար պատիժ կրել։ Ակտը գրվել է 2013-ին, կրկնում եմ, 2013-ի գարնանը՝ սկզբում 180 միլիոն դրամի չափով։ Չհամաձայնեցի ստորագրել, հետո նոր՝ 95 միլիոն դրամի չափով։ Նույնպես չհամաձայնեցի, որովհետև շինծու ակտեր էին։ Կարծում եմ՝ դիմեք Լևոն Յոլյանին։  Նա Ձեզ կասի, ինչի համար կամ ում պատվերով են գրվել ակտերը, որ «սրբորեն» պահպանվում են իմ մոտ։

Ասեմ պետական մրցույթ չկատարելու մասով․ այն վերաբերում է Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհին։ Այնտեղ ես հանդիպել եմ Էդմոն Մարուքյանին, երբ 2014թ․ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցով գտնվում էր Տավուշի մարզում, և հենց այնտեղ ԱԺ նախագահը ինձ հարցրեց․ «Արծրուն, այս չնչին գումարով ո՞նց ես կառուցելու այս ճանապարհը»։ Զրույցը եղել է պատվիրակության անդամ բոլոր պատգամավորների մոտ, և կարծում եմ, որ պարոն Մարուքյանին հարցնելու դեպքում նա կարող է Ձեզ հաստատել։

Ասեմ, որ նշված հատվածի նախնական նախագծային արժեքը կազմել է 1015,0 միլիոն դրամ, իսկ ինձ ստիպում էին այն կատարել  519,0 միլիոն դրամով։ Կարծում եմ՝ բռնաբարությունը 51% չի լինում։ Հայտնեմ, որ նշված ճանապարահատվածի հետ կապված 2017թ․ ընթանում է դատավարություն։

Հ․Գ․ Հա, մոռացա ասեմ, որ Զալումյանների հետևից պետք չէ «ընկնել»:

Արծրուն Ղալումյան