Միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

Արցախ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը իր և խորհրդարանի պատգամավորների անունից, Առաջին Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների  եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրվա առթիվ:

1918թ-ի մայիսի 28-ին հայ ժողովրդի հավաքական կամքի եւ միասնության դրսեւորմամբ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր երազանքը:

Հանրապետության տոնն իր մեջ կրում է մայիսյան հաղթանակների խորհուրդը՝  վերածվելով հայ ազգի միասնականության  եւ միաբանության լավագույն առհավատչյայի:

Երկրի եւ իշխանությունների առջեւ դրվող հրամայական խնդիրները տարբեր ժամանակահատվածներում տարբեր են լինում, սակայն միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը:  Այդ համատեքստում անգնահատելի  է  պատմական եւ քաղաքական վճռորոշ իրադարձությունների ժամանակ ինքնամիաբանվելու, հաստատակամ եւ միասնական քայլ անելու հայ ժողովրդի ձիրքը:

Մաղթում եմ, որ կուռ եւ միասնական լինի հայի անպարտ ոգին, միաբանություն եւ միասնականություն Հայկական երկու պետություններին եւ աշխարհասփյուռ հայությանը:

Եվս մեկ անգամ շնորհավոր Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրը»: