Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից․ ԱՆ խոսնակը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

ալինա

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Hetq.am-ում հրապարակված՝ «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք» վերտառությամբ հոդվածին։ Կորոնավիրուսով հիվանդացած Արամ Բաբաջանյանը (Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականն է, Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր) «Հետք»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ փուլերով է անցել։ Նա զարմանք է հայտնել, որ մարդկանց զանգվածաբար դուրս են գրում և հայտնում, որ պետք է նրանք սպասարկվեն պոլիկլինիկաներում, բայց այնտեղ տեղյակ չեն այդ մասին։

«Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից, ուստի անհրաժեշտ է, որ դրական դեպքերը կապի մեջ լինեն իրենց տեղամասային բժշկի հետ: Օրը երկու անգամ` հեռախոսազանգով, անհրաժեշտության դեպքում բժիշկները նաև պիտի այցելեն իրենց:

Հիվանդանոցներում բուժում են ստանում ծանր և ծայրահեղ ծանր պացիենտները, իսկ ովքեր դուրս են գրվել, նշանակում է, որ հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն չի եղել:

Տնային բուժումների մասին մենք հայտարարել ենք դեռ անցած շաբաթ:

Ինչ վերաբերում է մնացած մանրամասներին` առավոտյան կխոսեմ հիվանդանոցի անձնակազմի հետ և անհրաժեշտության դեպքում կհրապարակենք ողջ իրողությունը:

Այն հիվանդանոցը, որը մատնանշում է պարոն Բաբաջանյանը` ծայրահեղ ծանր մարդկանց հետ է բերել բնականոն կյանք»,-ասված է Ալինա Նիկողոսյանի պարզաբանման մեջ»: