Կարմիր խաչն ստանձնել է Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը, կենտրոնն անցել է փակ ռեժիմի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

կարմիր

Մայիսի 1-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) ՀՀ Կառավարության որոշմամբ ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը։ Այն այսուհետ կոչվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն։ Այդ մասին հայտնում է Հայկական Կարմիր խաչը:

ՀԿԽԸ-ն վերակնքել է աշխատանքային պայմանագրերը կենտրոնի աշխատակազմի 92 տոկոսի հետ։ Մայիսի 1-ից կենտրոնում սահմանվել է շուրջօրյա հերթափոխ, այսուհետ կենտրոնի 6 մասնաշենքերից յուրաքանչյուրն ունի շուրջօրյա խնամող։

ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված, շահառուների ելումուտը սահմանափակելու նպատակով, մայիսի 14-ին կազմակերպվել է սրտաբանի, վնասվածքաբանի և ակնաբույժի այց խնամքի կենտրոն։ Իրականացվել է 42 շահառուի զննում և խորհրդատվություն։

Հիմք ընդունելով համավարակային իրավիճակը՝ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնը մայիսի 21-ից անցել է աշխատանքին փակ ռեժիմի։ Շուրջօրյա հերթապահում են 6 խնամող, 2 բուժքույր, 2 մատուցող, խոհանոցի աշխատողը և կաթսայատան պատասխանատուն։

Կենտրոնի անձնակազմը և շահառուները մայիս ամսվա ընթացքում անցել են Քովիդ -19-ի տեստավորում՝ արդյունքները բացասական են։

Խնամառուները մեկուսացման մեջ էին դեռևս մարտի 16-ից։ Ամեն շաբաթ կենտրոնի տարածքն ախտահանվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից, անձակազմն ու խնամառուները ապահովված են անհրաժեշտ պաշտպանիչ բոլոր միջոցներով։

———————————————————————————
2019 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև կնքվեց Հուշագիր, որի համաձայն ՀԿԽԸ-ն ստանձնեց Գյումրու տուն – ինտերնատի կառավարումը։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պարտավորվել է առնվազն 163 մլն դրամի ներդրում իրականացնել՝ ծառայությունների որակի և կացության պայմանների բարելավման համար, ինչպես նաև վերակնքել աշխատանքային պայմանագրերը տուն-ինտերնատի աշխատակիցներից առնվազն 70 %-ի հետ։

160 խնամյալների համար ՀԿԽԸ կողմից բնաիրային ներդրումները կկազմեն շուրջ 8.5 մլն դրամ:

2020 թ.-ին Հայկական կարմիր խաչի ընկերությունը առնվազն 87 մլն դրամ կներդնի՝ տուն-ինտերնատի 6 բնակելի հատվածներից 4-ի վերանորոգման և կահավորման համար: Դրանցից մեկը կհարմարեցվի անկողնային խնամքի կարիք ունեցողների համար: 2021 թ.-ին ևս 43 մլն. դրամ կներդրվի մյուս երկու բնակելի հատվածների վերանորոգման և կահավորման համար: 2022 թ.-ին ընկերությունը պատրաստվում է ներդնել ևս շուրջ 16.5 մլն դրամ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թ.-ին հաստատությանը կհատկացնի շուրջ 202 մլն դրամ: