Նիկոլ Փաշինյանին, բացի իր իշխանությունից, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշման վերաբերյալ երեկ չխոսեցի՝ սպասելով Փաշինյանի արձագանքին։ Վստահ էի, որ չի խոսելու, չի գնահատելու և արժևորելու իմ կողմից շատ հարգված Սիրանուշ Սահակյանի արած տիտանական և ֆանտաստիկ աշխատանքը, չի կարևորելու այդ որոշումը Արցախյան հակամարտության բանակցություններում Հայկական կողմի դիրքերի ամրացման և ժողովուրդների անհամատեղելիության փաստարկը կիրառելու համար։

Երեկ երբ հայտարարվեց, որ ուղերձով դիմելու է ժողովրդին, ինձ մի պահ թվաց, թե սխալվել եմ, ու մեղքս ինչ թաքցնեմ, ուրախացա այդ մտքից։ Բայց ուրախությունս կարճ տևեց։

ՄԻԵԴ-ը Ադրբեջանի Ռամիլ Սաֆարովին ներում և ծառայողական առաջխաղացում շնորհելու գործողությունները գնահատել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտում։ Սա պատմական որոշում է, որի ուժով Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են սեղմ ժամկետներում վերացնել խախտումը և Սաֆարովը պետք է հայտնվի ազատազրկման վայրում։

Ես իհարկե ավելի կգերադասեի, որ նա հայտնվեր բոլորովին այլ վայրում՝ Գուրգեն Մարգարյանի հակառակ ճամբարում՝ դժոխքում, սակայն սա ևս որոշ չափով կվերականգնի արդարության և արդարադատության հասցված մեծ վնասը։

Բայց Ալիևին կիրթ և կառուցողական համարող Փաշինյանին այս որոշումը կարծես այնքան էլ չի ոգևորվել, քանի որ ինքը զբաղված է իր «ժողովրդին» խաղաղության պատրաստելու ընտանեկան առաքելությամբ, ինչի շրջանակներում նա գերադասում է հագնել գլխավոր սանիտարական բժշկի խալաթը և իր «ժողովրդին» սովորեցնել դիմակ կրելու և ձեռքերը ախտահանելու նրբությունները, քան արժևորել Հայ Սպային ադրբեջանցի վիժվածքի կողմից դաժան սպանության և Ալիևի կողմից հերոսացման միջազգային դատապարտող գնահատականը։

Գուրգեն Մարգարյանն իրեն այլևս չի հետաքրքրում, քանի որ նա հիմա խաղաղություն է կառուցում և զբաղված է իր իշխանության լրջագույն սպառնալիք դարձած համաճարակի խնդիրներով։

Հետևություն. Նիկոլ Փաշինյանին, բացի իր իշխանությունից, ուրիշ ՈՉԻՆՉ չի հետաքրքրում . . .»: