Արցախի ՄԻՊ-ը ողջունում է ՄԻԵԴ-ի որոշումը և հայտարարում, որ հայատյացությունը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

միպա.

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի որոշումը և արձանագրում, որ 2004-ին Հունգարիայում տեղի ունեցած հանցագործությունը և 2012-ին Ադրբեջանի կողմից հանցագործի ներումն ու փաստացի հերոսացումն Ադրբեջանի կողմից պետականորեն տարվող հայատյաց քաղաքականության ցցուն դրսևորում է, որը տասնամյակներ շարունակ արտահայտվում է բոլոր հնարավոր բնագավառներում:

«2004 թվականից հետո հայատյացությունը Ադրբեջանում առավել կազմակերպված բնույթ է կրում, և մարդասպան Սաֆարովի վարքը ադրբեջանական պետական քարոզչության և հենց մարդու իրավունքների հանձնակատարի կողմից ներկայացվում է որպես «լավագույն օրինակ»: Նման դրսևորումների շարունակում ենք ականատես լինել անընդհատ՝ պաշտոնական քաղաքականության մեջ, հասարակական կյանքում և ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներում:

Հայատյացության քաղաքականությունն առավել ծանր հետևանքներ ունեցավ 2016 թ. ապրիլին Ադրբեջանի սանձաձերզած պատերազմի ընթացքում՝ հայ զինծառայողների և քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունների տեսքով, որոնց վերաբերյալ Պաշտպանը 2016 թ. դեկտեմբերին հրապարակել է հատուկ զեկույց: Իսկ Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության դրսևորումների մշտադիտարկման արդյունքները ամփոփվեցին 2018 թ. սեպտեմբերին հրապարակված «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցում:

ՄԻԵԴ տվյալ որոշման և հայատյացության շարունակվող քաղաքականության համատեքստում առավել ընդգծված ու մտահոգիչ են դառնում Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտման դեպքերը, որոնք առ այսօր շարունակվում են Արսեն Բաղդասարյանի, Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի հանդեպ:

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության բնակչությունը հայատյացության քաղաքականության առաջնային թիրախն է և իր վրա շարունակաբար զգում է դրա բացասական հետևանքները՝ Պաշտպանը հույս է հայտնում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս որոշումը և միջազգային հանրության հետևողական տարբեր քայլեր կանխարգելիչ ազդեցություն կունենան Ադրբեջանում հայատյացության տարածման ու դրա հիման վրա նորանոր հանցագործությունների իրականացման ուղղությամբ: Այդ առումով խիստ ցանկալի է, որ յուրաքանչյուր դեպք պատշաճ իրավական ու քաղաքական գնահատական ստանա միջազգային կազմակերպությունների ու տարածաշրջանում առանցքային դերակատարում ունեցող պետությունների կողմից», - նշված է Արցախի ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում։

Նշենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը, որով արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է ՄԻԵԴ 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։ Ադրբեջանը պարտավորվել է դիմումատուներին վճարել 15.143 ֆունտ ստերլինգ։