16 ինքնաթիռ է մեկնել Լիբիա՝ ռուսական «Wagner» ընկերության վարձկաններին տարհանելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

կորոնավիրուս

Թուրքական լրատվամիջոցները պնդում են, թե 16 բեռնափոխադրող ինքնաթիռ է մեկնել Լիբիա, որպեսզի տարհանի երկրի արևելքում գտնվող ժամանակավոր կառավարությանը, Լիբիայի ազգային բանակի ղեկավար, գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերի հետ ռազմագործողություններին մասնակցող ռուսական  «Wagner»  ռազմական ընկերությանը կից վարձկան զինվորներին։  Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ այդ ինքնաթիռները ժամանել են Լիբիայի Բենի Վելիդ քաղաքի օդանավակայան։ Այս մասին թուրքական լրատվամիջոցները հղում են  անում Թուրքիայի աջակցությունը վայելող  Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության պաշտոնյաներից ստացված տեղեկություններին։ 

Ավելի վաղ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը հայտարարել էր, որ իրենց ուժերի՝ թուրքական անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ իրակականացրած ռազմական գործողությունների արդյունքում Հաֆթարի ուժերը սկսել են նահանջել։

Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ: