«Կառավարող էլիտաներ» (Անտեսանելի Պատերազմ 3)

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

նկար
«Ոչ թե ազգն է ստեղծում պետություն, այլ պետությունն է ստեղծում ազգ»: 

Դուչե Բենիտո Մուսոլինի

 

Կյանքում երկու գլխավոր գործոն կա` իշխանություն ու հպատակներ: Եվ լավ մշակույթը բերում է ժողովրդին իշխանությանը հնազանդվելուն: 

Այսօր մոլորակը կանգնած ու կենտրոնացած է մեկ հարցի շուրջ` աշխարհասփյուռ պանդեմիան, որը նպաստում է հոգևոր էության բաղադրիչների մեծացմանը և մարդակենտրոնության ուշադրության շատացմանը: Սա՝ օգտակարի մասին: 

Կա նաև մտահոգիչ հատվածը: Դեռևս ռեսուրսները հերիքում են կյանքը կանոնավոր պահելու համար, բայց տեսակով նոր վիրուսը, նրան հաղթող պատվաստանյութի հայտնվելու անորոշությունը, իրավիճակի անկանխատեսելիությունը և նոր կյանքի կացութաձևի անպատկերացնելիությունն ու տարաբնույթ վերլուծականները մարդկանց պահում են հոգեբանական մի վիճակի մեջ, որի հետևանքների վտանգավորության աստիճանը նույնպես անչափելի է: 

Կրճատվելու և տուժելու են գրեթե ամեն ինչ և բոլորը: Վերականգման համար շատերի մոտ ներուժ չի մնալու, և բախումնային փուլի դեպքում, եթե մարդկային էներգիա մնացած լինի, ապա կասեցնելու կամ զսպելու հնարավորությունները գուցե չհերիքեն: Եվ այստեղ առաջ է գալիս բնակչությանը կառավարողների ու վերահսկողների ուժի ու վճռականության, հնարամտության և երևակայության հարցը: Եթե պիտի նախկին կյանքը ուշ վերադառնա, ապա այս ընթացքում անհրաժեշտություն կառաջանա այլ տեսակի լիդերների ի հայտ գալուն: Անխոս, ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ քաղաքական, պետական, բյուրոկրատական ասպարեզները իրենց կորուստներն են ունենալու` ցավոտ ու բացահայտ: Պատասխանատուների հարցը կոշտ է լուծվելու: Ինչպես Ավետարանում է ասված. «Նրան, ում շատ է տրված, նրանից շատ պիտի պահանջվի, իսկ ում շատ ավելի է տրված, նրանից պիտի պահանջվի առավե՛լ ևս շատ» (Ղուկասի Ավետարան, 12:48): Սա է աստվածային անխախտ ճշմարտության անկանգառ ընթացքի ձևն ու էությունը: 

Ամենից շատ բացարձակ իշխանություն ունեն քաղաքական, պետական վերնախավերը: Միակ ու գլխավոր պատասխան տվողը նրանք են լինելու: Եվ քանի որ վիճակը պատերազմական իրավիճակ է, այսինքն՝ խոսքը մարդկային ֆիզիկական կյանքերի ու հոգեբանական շարունակության մասին է, ապա հետևանքները կարող են, թե՛ փառքով պսակվել, թե՛ կործանվող անկման տեսք ստանալ: 

Այստեղ հարցը պետության հզոր կամ սովորական, հարուստ կամ աղքատ լինելը չէ: Ամեն մեկից ակնկալիքն անհատական ու ընդհանրական է լինելու: Խնդիրը մոտեցումն ու արդյունքն է: 

Աշխարհը կառավարող վերնախավերի շփոթվածությունը տևական բնույթ է ստացել, և անհոդաբաշխ խոսքը, մոլորված վարքագիծը, որոշումների հակասականությունը իրենց տեղերը դեռ չեն զիջում: Լիդերների ու վարչակազմերի մեծ մասը այս ֆոնի վրա մաշվելու է, իսկ ընդդիմության հատվածից ավելի ագրեսիվ խոսք ու մարմնաշարժություն է դուրս գալու: Ըմբոստական դրսևորումներ են նաև ի հայտ գալու համակարգերի ներսում: Որովհետև մարդկությունն ու աշխարհը մինչև հիմա ուշքի չեն գալիս, թե ոնց վիրուսային մի զեփյուռ հաշված օրերի ու ժամերի մեջ ծնկի բերեց հզոր, հարուստ ու ինքնավստահ դարձած մոլորակին: Եվ այս ամենին երկրորդել է համաճարակի դեմ դիմադրության անհաջող պայքարը: Դրան էլ հաջորդում է վիրուսի ֆինիշը չտեսնելու հնարավորությունը: 

Պետք է արձանագրել, որ պետությունները նոկդաունով պարտություն գրանցեցին համաճարիկի դեմ պայքարում և այն էլ առաջին իսկ ռաունդում ու դեռ չեն կարողանում ոտքի կանգնել: Այսօրվա համաշարհային էլիտայի կազմից շատերը այդպես էլ չեն կանգնի ոտքի: Սակայն արևմտյան քաղաքակրթության և արևելյան ավտորիտարիզմի արժեհամակարգային, մշակութային ու պատմական հիմքերը այնքան հզոր, խորը ու ամուր են, որ եթե սա ամբողջ մարդկության վերջի սիզբը չէ, ապա նրանք, այս ամենից կորուստներով դուրս գալով հանդերձ, վերականգնվելու ու լայն թափով առաջ գնալու բոլոր հնարավորություններն ունեն, քանի որ պատմականորեն ապացուցված է, որ հաղթանակի (ոչ թե գոյատևման, յոլա գնալու) հասկացողությունն իրենց առաջնորդների ու ազգերի կյանքի գլխավոր իմաստն է: 

Գանք Հայաստան: 

Ռևոլուցիայից հետո պետական լծակները իր ձեռքը վերցրած օպոզիցիոներ-լրագրող Փաշինյանը և նրա թիմը (Nikol & Company) սպառել են զարգացման ու առաջընթացի բոլոր հնարավորությունները: Դե յուրե նրանք դա կարող են անել, բայց դե ֆակտո՝ ո՛չ, որովհետև երկու տարին առավել քան բավարար ժամանակ էր մտավոր ու կամային կարողությունների ցուցադրման համար: Բովանդակությամբ սա իշխանություն չէ, այլ` երկրի կառավարիչների մի միություն աղանդավորական ձևով, որը խճճվել է ներքին հարցերում և տանուլ է տալիս արտաքին ասպարեզը: Իշխանությունը չի կարող լինել անբովանդակ, թույլ ու անծրագիր: Բացթողումների, անհետևողականության, պետական հիմնարկներում տիրող անկապ ու անհամակարգ մթնոլորտը, կադրային լրջագույն սխալները և այլ շատ բաներ երկրի վարչարարների տեսքն ավելի գունատ են դարձնում: Այն ուժը, որը գալիս է իշխանության, կա՛մ պետք է վերացնի մյուս ուժերին, կա՛մ պայմանավորվի նրանց հետ, իսկ մյուս տարբերակով կիրառի Հին Հռոմի քաղաքական բանաձևերից մեկը` divide et impera (բաժանի՛ր, որ տիրես): Այս թիմը չունի դաշնակից՝ բացի քաղաքացիների մեծամասնությունից, որը, բնականաբար, գնալով պակասում է, իսկ նրա մտավոր հատվածը` սրընթացորեն: Արձանագրենք. սկզբից իշխանությունը կորցնում են դե ֆակտո, հետո` դե յուրե: Նման բան եղավ նախորդ վարչակազմի հետ, որն արդեն 2016-ից կորցրել էր վերահսկողությունը շատ բաների նկատմամբ:

Եվ հիմա, երբ մեր սահմաններին հասավ համաճարակը, այն կանգնեցրեց Սահմանադրական դատարանի դեմ սկիզբ առած արշավը, և հակադիր գործողությունները ստացան «հետույքը՝ բարձր, գլուխը՝ ցածր» տեսք: Քանի որ ներքուստ իշխանություն չեն և միայն թավիշի են ընդունակ, Հայաստանի կառավիրչները բաց թողեցին ճիշտ ժամանակին պետությունը դրսից ու ներսում` իր մեջ, փակելու պահը, չկիրառեցին բնակչությանը ստիպելու պարտադիր պայմանը, չգիտակցեցին, չտեսան, չգտան մաքսիմալ խիստ, օպտիմալ ու հետագայի համար խոստումնալից իրավիճակ հաստատելու տարբերակը, և երբ տեսան, որ առանց էն էլ դանդաղացած տնտեսությունը կանգնում է կանգ առնելու ու փլվելու եզրին, պահեցին «արտակարգ դրություն» անունը և բացեցին համարյա ամեն ինչ, երբ դեռ վիրուսն իր պիկը չի ապրել: Ապաշնորհ մոտեցումը հանգեցրեց կարանտինի ձևական ու անփույթ ընթացքի, անօգուտ ու վնասակար հետևանքի և առաջ քաշեց ռեկորդային արագությամբ հիվանդների թվերի աճ: Աշխարհում մեր հանրապետությունը համալրեց պանդեմիայի դեմ պայքարող պետությունների վատ, ցածրորակ արդյունք ցույց տված տեղանիշներից մեկը: Ներսում, առանց կրթելու ու դաստիարակելու, քաղաքացին նետվեց փողոց և թողնվեց իր իսկ կենցաղային կուլտուրայի հույսին, որը Հայաստանում, հատկապես վերջին տարիներին, առավել քան ցածր է: Եվ տնից դուրս սփռված պատկերը նախիր է հիշեցնում: Ու եթե նախրապան աշխատելն ավելի հաճելի է կամ միակ ստացվող տարբերակը, ապա առաջնորդ-հովիվի համար ճանապարհը անկասկած բացվելու է: Հանրապետությունում արդեն իսկ երևում են քաղաքական դաշտի հողի տակից կայծկլտացող կրակներ, գալիս է դրսից հոսող թույնի հոտը, և պարզ տեսանելի է մերկ թագավորի ու նրա անշուք շքախմբի անզեն կեցվածքը: Պետությունը նորից կարող է կանգնել անկախ, ինքնիշխան լինելու, թե չինելու, Ղարաբաղը պահելու, թե կորցնելու դիլեմաների առջև, և սա այն պատճառով, որ թավշյա ռեվոլյուցիայից հետո չեկավ երկաթյա ձեռքերի արդար ու խորագետ կառավարումը: Որ ռեյտինգի վրա դողալը գերադասվեց իմաստալից, բայց կոշտ գործողություններին: Երրորդ ինտելեկտուալ, հոգևոր ու հարվածային ուժի առաջ գալն արդեն երկու տարի է՝ օրակարգի գլխավոր հարցն է: Երկու տարի, քանի որ հետհաշվարկով Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 8-ից հետո որևէ արժեքավոր գործ չի արել և սովորական գործչի տեսք ունի: Նրա փայլը ընդիմադրի հանդերձանքի մեջ է: 

P. S. Իշխանության ու վերնախավերի մասին խոսելիս ուզում եմ անդրադառնալ հոգևոր, կրոնական մասին: Այսօրվա ժամանակի հրաշալի օրինակներից է Հռոմի Ն. Ս. Քահանայապետ պապ Ֆրանցիսկոսը և, իհարկե, մյուս հոգևոր առաջնորդներից շատերը: Մոլորակն իր աքցանների մեջ պահող վարակը, որի առաջին հարվածներից մեկով փակվեցին եկեղեցիներն ու սուրբ պատարագներին մասնակցությունը, բոլորիս առջև հավատքի աճի և առատացման պահանջ է դնում, սիրո, ներողամտության, մարդասիրության օրինակների շատացման հիմքեր է տալիս: Անտեսանելի այս պատերազմում մարդը ոչ թե մարդու դեմ է պայքարում, այլ մարդը մարդու հետ՝ ընդդեմ համաճարակի վտանգի: Անկարողության վիճակը հուշում է, որ միայն հավատքով կա փրկություն, միայն նրա միջոցով կարելի է անհնարինը հնարավոր դարձնել: 

Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՛ր մեզ…

 

Ռուբեն Վարդանյան 

Պատմաբան, հրապարակախոս