Կարգելվեն խաղի ժամանակ ձեռքսեղմումները. ՀՖՖ-ի՝ COVID-19-ի կանխարգելման քայլերի ուղեցույցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

հֆֆ

Մայիսի 23-ին վերսկսվելու է Հայաստանի Բարձրագույն խմբի, իսկ մայիսի 30-ին՝ Առաջին խմբի առաջնությունը: Կորոնավիրուսով  պայմանավորված առողջապահական նոր իրավիճակից ելնելով՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան մշակել է կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույց։

Մասնավորապես՝ թե՛ Բարձրագույն, թե՛ Առաջին խմբերի առաջնությունների վերսկսումից 2 օր առաջ ՀՖՖ-ն ակումբներին կտրամադրի կորոնավիրուսի թեստեր: Ակումբները պարտավոր են թեստավորել ամբողջ անձնակազմին (ֆուտբոլիստներ, մարզիչներ, պաշտոնյաներ և այլն) և թեստերի պատասխաններն անմիջապես ուղարկել ՀՖՖ: Ֆուտբոլիստները և՛ պետք է կրճատեն տնից դուրս գալը, և՛ հյուրերի ընդունումը, խուսափեն  մարդկային կուտակումներից և հասարակական տրանսպորտից: Պահպանեն անձնական հիգիենայի կանոնները: Թիմերը պետք է պետք է նվազեցնեն հավաքները փակ տարածքներում, ժողովների ժամանակ պահպանեն 1-2 մետր սոցիալական հեռավորություն: Խաղերի ժամանակ մարզադաշտում կարող է ներկա գտնվել առավելագույնը 150 անձ,  ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները չեն ներառվում այս  թվաքանակի մեջ: Յուրաքանչյուր թիմի կթույլատրվի կատարել առավելագույնը 5  փոխարինում: Կարգելվեն խաղի ժամանակ ձեռքսեղմումները, գրկախառնությունները, դրոշների և հուշանվերների փոխանակումը: Հետխաղյա մամուլի ասուլիսները և բրիֆինգները չեղարկվում են և անցկացվում են միայն հեռավար տարբերակով: