Ինքնաձիգ, ատրճանակներ, նռնակներ․ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք է հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը, ինքնաձիգի պահունակներն ու տարբեր տրամաչափի 71 փամփուշտը ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել է Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի 46-ամյա մի բնակիչ։ Տղամարդու հայտնածով՝ տանիքը մաքրելիս գտած զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 19-ին Ավանում բնակվող 28-ամյա մի երիտասարդ կամավոր հանձնել է հանգուցյալ պապին պատկանած «SS» ատրճանակը։

Արթիկի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Արթիկում բնակվող 27-ամյա մի երիտասարդ բաժին է բերել հանգուցյալ հորեղբորը պատկանած «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն ու 52 հատ փամփուշտ, որոնք, ըստ նրա, գտել է նկուղը մաքրելիս։
Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի պահունակ ու 90-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտ։ Նրա հայտնածով` զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորեղբորը։

Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Էջմիածնի 41-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է կարճեցված փողով առանց գործարանային համարի հրացան, ինքնաձիգի փամփշտատուփ և 130-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։

Երևանի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել է պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու տարբեր տրամաչափի 123 փամփուշտ։ Նռնակը, նռնակի պայթուցիչն ու տարբեր տրամաչափի 169 փամփուշտը դարձյալ Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր հանձնել է Երևանի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ. այս դեպքում ապօրինի զինամթերքը հանձնվել է բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ։
Մալաթիայի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է որսորդական հրացան, նռնակներ, փամփշտատուփեր ու տարբեր տրամաչափի 150 փամփուշտ, որոնք պատկանել են հանգուցյալ հորը։

Ինքնաշեն ատրճանակը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու ինքնաձիգի 118 փամփուշտը ոստիկանության Անիի բաժնում կամավոր հանձնել է Մարալիկ քաղաքի բնակիչ, 53-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով` ապօրինի զենք-զինամթերքը գտել է տան իրերը դասավորելիս։ Դրանք պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։