Արթուր Դանիելյանը հրավիրվել է ոստիկանության․ այնուհետև նա ասուլիս կունենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News  

Արթուր Դանիելյան

Խորը ցավով և կսկիծով պետք է արձանագրենք, որ նախկին և ներկա իշխանությունների հանցավոր անգործության և անփութության, հաճախ՝ նաև հակապետական միտում պարունակող քայլերի հետևանքով որևէ պատիժ չեն կրել երկրում սահմանադրական կարգ տապալած ու արդարադատությանը խոչընդոտած օտարերկրյա գործակալները՝ երկրի վարչապետի գլխավորությամբ: Այս մասին ասված է «Ադեկվադ» միաբանության Ֆեյսբուքյան էջում։

«Ադեկվադը» տեղեկացնում է, որ մայիսի 20-ին  միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին միաբանությանը դեռևս անհայտ գործի շրջանակում բացատրություն տալու, նաեւ հրավիրում է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Արթուր Դանիելյանի ասուլիսին, որը տեղի կունենա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ՝ հարցաքննության ավարտից հետո:

«Միաբանությունը ողջունում է Քրեական ոստիկանության ջանքերն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակում և հույս է արտահայտում, որ քննվող գործը չի համալրի քաղաքական հետապնդումների նպատակով հարուցված քրեական գործերի ցանկը», նշում է միաբանությունը եւ վերահաստատում իր պատրաստակամությունը աջակցել բոլոր շահագրգիռ շրջանակներին ՀՀ-ում տեղի ունեցող բազմաթիվ ծայրահեղական և ահաբեկչական բնույթի հանցանքների դեմ պայքարում:

«Խորը ցավով և կսկիծով պետք է արձանագրենք, որ նախկին և ներկա իշխանությունների հանցավոր անգործության և անփութության, հաճախ՝ նաև հակապետական միտում պարունակող քայլերի հետևանքով ներկայումս որևէ պատիժ չեն կրել պետական շինություններ զավթած, ոստիկաններին գնդակահարած, բժիշկներին պատանդ պահած ահաբեկիչները: Պատիժ չեն կրել արդեն 8 ամիս շարունակ կոմայի մեջ գտնվող ՀՀ զինված ուժերի փոխգնդապետին ծեծի ենթարկած մերձիշխանական շրջանակները: Պատիժ չեն կրել երկրում սահմանադրական կարգ տապալած ու արդարադատությանը խոչընդոտած օտարերկրյա գործակալները՝ երկրի վարչապետի գլխավորությամբ: Պատիժ չեն կրել հացադուլի հետևանքով ազատազրկման վայրում մահացած լրագրողի մահվան պատասխանատուները: Անպատիժ են սեռական փոքրամասնությունների և այլ հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց հանցագործությունները: Պատիժ չեն կրել առևանգման փորձ կատարած օտարերկրյա գործակալական ցանցերի խուլիգանախմբերը: Պատիժ չեն կրել ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ ֆինանսավորվող ապատեղեկատվություն և ատելություն տարածող խմբերի ներկայացուցիչները»:

Ինչպես նշված է հաղորդագրությունում, այս և բազմաթիվ այլ ծանրագույն հանցագործությունների բացահայտման գործում միաբանությունը պատրաստակամ է համապարփակ աջակցություն ցուցաբերել իրավապահներին:

«Լիահույս ենք, որ հենց նմանատիպ հանցագործություններ բացահայտելու նպատակով է Արթուր Դանիելյանը հրավիրվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ահաբեկչության և ծայրահեղականաության դեմ պայքարի բաժին»: