Վճարային տերմինալները չեն փակվի, բայց պետությունը պետք է ներդնի նույնականացման համակարգ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Օրերս տեղեկատվություն էր տարածվել, որ վճարահաշվարկային տերինալները հնարավոր է փակվեն և այլևս դադարեն գործողություն իրականացնել։
Հարցին երկու օր առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը՝ նշելով, որ 2014 թվականին ՀՀ-ում ընդունվել է օրենք փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին, որով ամրագրվել է՝ անձին պետք է նույնականացնել փոխանցում կատարելիս։
«Այսինքն կանխիկ նախաձեռնված, բայց անկանխիկ վերջնակետին ուղղված գործարքների պարագայում անձը պետք է նույնականացվի։ Պետությունը՝ չկատարելով իր գործառույթները, գործող բազա չստեղծելով՝ պարտադրում է վճարահաշվարկային կազմակերպություններին, որ նույնականացումն իրականացնեն իրենք։ Ուղղակի անհնար է, որ կարողանան այդպիսի բազա ստեղծել, իսկ եթե նույնիսկ կարողանան ստեղծել թեկուզ՝ կիսատ-պռատության սկզբունքով, չեն կարող ապահովել այնպիսի անվտանգություն, որպեսզի այդ անձնական տեղեկությունները հասանելի չդառնան Ադրբեջանին, սա հերթական դիլետանտությունն է գործող իշխանությունների կողմից»,- ասել էր տնտեսագետը։
Թեմայի առնչությամբ 24News–ը զրուցել է Վճարահաշվարկային ընկերությունների ասոցիացիայի նախագահ Մհեր Գալստյանի հետ, վերջինս ևս խոսեց ոլորտում առկա խնդիրների մասին, բայց և նշեց, որ փորձում են գտնել լուծումներ, որոնք հնարավորինս քիչ անհարմարություններ կպատճառեն քաղաքացիներին։
«Մի շարք խնդիրներ կան վճարային տերմինալների հետ կապված։ Վճարային տերմինալները մեծ կատալիզատորի դեր են կատարում տնտեսության տեսանկյունից՝ կանխիկ փողը վերածելով անկանխիկ միջոցների։ Իսկ ԿԲ հաշվետվություններին, եթե ուշադրություն դարձնեք, վերջին տարիներին տնտեսության մեջ կանխիկ փողի ծավալը գնալով ավելի աճում է, չի պակասում։ Իսկ վճարային տերմինալների կարևոր դերը կա, հանրային պահանջը կա, մարդիկ օգտվում են վճարային տերմինալներից»,- ասաց Գալստյանը։
Մհեր Գալստյանը նշել է, որ 400․000 հազար և ավել դրամ վճարում կատարելու դեպքում հաճախորդը պետք է նույնականանա․
«Սակայն ուզում եմ նշել նաև, որ օրենքում մեկ կետ էլ կա, որ վճարահաշվարկային կազմակերպությունները, բանկերը պետք է բացառեն իրար հաջորդող մասնատված գործարքներով 400․000 հազարի շեմը գերազանցելու փաստը։ Այսինքն, եթե մարդը մոտեցավ տերմինալին ու երեք հատ 150․000 դրամ վճարեց, ըստ էության 150․000 հազարի վրա նույնականացման պահանջ չի կիրառվում, բայց եթե մենք նայում ենք գումարային առումով 3 փոխանցումներին, ապա 400․000-ը գերազանցվում է։ Բայց այստեղ դրա դիմաց գործիքներ կիրառելու հնարավորություն չկա, ինչը նշանակում է, որ այսուհետ, ցանկացած մարդու գործարք իրականացնելու համար պետք է թույլ տալ միայն նույնականացումից հետո, որպեսզի կարողանանք այդ պահանջը բավարարել, այսինքն թույլ չտանք մասնատված փոխանցումներով 400. 000գերազանցի»,- մանրամասնեց Վճարահաշվարկային ընկերությունների ասոցիացիայի նախագահը ։
Գալստյանը ևս մատնանշեց միասնական նույնականացման բազայի խնդիրը, սակայն նաև նշեց, որ կարևոր է նույնականացնել վճարում կատարող հաճախորդին․
«Թե՛ վճարահաշվարկային կազմակերպությունները, թե՛ բանկերը լուծումներ են փորձում գտնել՝ ինչ մեթոդներով է հնարավոր վճարային տերմինալի դիմաց կանգնած մարդուն գործարքից առաջ նույնականացնել։ Մեր ջանքերը հիմա միտված են նրան, որ ինչու չէ նաև պետության հետ համագործակցության միջոցով ներդնենք միասնական նույնականացման համակարգ, որը հնարավորություն կտա ի կատար ածել այս պահանջի կիրառումը փաստացիզ միաժամանակ անհարմարություն չպաճառելով քաղաքացիներին»,- ասաց Գալստյանը։
Մեր զրուցակցի խոսքով կան պետական ծրագրեր և այդ ուղղությամբ աշխատում են, սակայն փաստացի համակարգը դեռևս ներդրված չէ։ Միևնույն ժամանակ Մհեր Գալստյանը նշում է, որ այո՛, ճիշտ կլիներ ունենալ միասնական նույնականացման համակարգ, նոր պահանջել, որ վճարահաշվարկային կազմակերպությունները ապահովեն հաճախորդների նույնականացումը․
«Բայց մենք բոլորս այս առումով շատ կառուցողական ենք ու փորձում ենք պետության հետ համատեղ աշխատանքի արդյունքում ներդնել այս համկարագը։ Որովհետև դա իր հերթին օգուտ է բերելու թե՛ ֆինանսական բոլոր հաստատություններին, որովհետև դրանով խթանվելու է թվայնացումը ընդհանուր տնտեսության, և թե՛ կկարողանանք գտնել որևէ լուծումը, որ մինիմալ անհարմարություն կպատճառի հաճախորդներին»։
Մերի Մանուկյան
—00—ԼԱ