2000 տոննան գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամ լոլիկի համար կտրամադրվի 10 դրամի չափով սուբսիդավորում

27/08/2025 19:16 Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 27-ին այցելել է Արմավիրի մարզում գործող «ՄԱՊ» ՓԲԸ՝ հետևելու լոլիկի մթերումների ընթացքին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է արտադրական հատվածում, ծանոթացել լոլիկի մթերման, տոմատի մածուկի արտադրության, փաթեթավորման և պահեստավորման գործընթացներին։

Տնօրենի խոսքով՝ մթերումը մեկնարկել է օգոստոսի 18-ից։ Օրական մթերվում է շուրջ 100 տոննա լոլիկ, և այս պահի դրությամբ արդեն մթերվել է մոտ 1000 տոննա։ Այս տարվա բերքը նախորդ տարվա համեմատ մոտ 30%-ով ավելի է։

Շրջայցի ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության նոր նախաձեռնությունը․ 2025 թվականին լոլիկի մթերումներն առավել սահուն կազմակերպելու նպատակով տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին կտրամադրվի աջակցություն։

Ըստ ծրագրի՝ 2000 տոննան գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամ լոլիկի համար կտրամադրվի 10 ՀՀ դրամի չափով սուբսիդավորում։ Ընկերության տնօրենը ողջունել է նախաձեռնությունը և ընդգծել, որ դրա շնորհիվ ընկերությունը նախատեսվող 2000 տոննայի փոխարեն կմթերի շուրջ 4500 տոննա լոլիկ։ Այցի ընթացքում նախարարը զրուցել է նաև մթերման հերթում սպասող քաղաքացիների հետ, որոնք նշել են, որ գոհ են մթերման ընթացքից և Կառավարության նախաձեռնությունից։

–00—ՍՊ