Աճում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը ընդլայնելու ցանկություն հայտնած երկրների թիվը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ելույթ է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ հնգյակի երկրների ընդհանուր ներուժն ամրապնդվում է։ ԵԱՏՄ ՀՆԱ-ն նախորդ տարվա ընթացքում աճել է 4,4%-ով, իսկ 2025 թվականի առաջին եռամսյակում՝ 2%-ով։
Փոխադարձ առևտրի ծավալը 2024 թվականին աճել է 6,8%-ով՝ մոտենալով 9 տրիլիոն ռուբլուն։
Միխայիլ Միշուստինը նշել է միջկառավարական խորհրդի այսօրվա նիստում քննարկված առանցքային փաստաթղթերի և որոշումների մասին:
Ընդունված «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման ծրագիրը կհաստատվի մինչև տարեվերջ։ Միխայիլ Միշուստինը հիշեցրել է, որ աճում է այն երկրների թիվը, որոնք ցանկանում են ընդլայնել միության հետ համագործակցությունը․
«Մայիսին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Իսկ Մինսկում կայացած գագաթնաժողովի շրջանակում համաձայնագրեր են ստորագրվել Արաբական Միացյալ Էմիրությունների և Մոնղոլիայի հետ։
Ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունների ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը օպերատիվ կերպով կավարտվեն։ Դրանց իրականացումը գործնականում կօգնի ամրապնդել մեր երկրների միջև տնտեսական կապերը», – հայտարարել է ՌԴ Կառավարության ղեկավարը։
—00—ՍՊ