Արդշինբանկը՝ Հայաստանի թիվ մեկ հարկատու ուղղակի հարկերի գծով
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2025 թվականի առաջին կիսամյակի համար հրապարակված արդյունքների՝ Արդշինբանկն ուղղակի հարկերի վճարման գծով Հայաստանի ամենախոշոր հարկատուն է: 2025 թվականի առաջին կիսամյակին բանկը ուղղակի հարկերի գծով պետբյուջե է փոխանցել 27,27 մլրդ ՀՀ դրամ: Այս ցուցանիշը հնարավոր է դարձել շահութահարկի և եկամտային հարկի զգալի աճի շնորհիվ։
Արդշինբանկը նաև Հայաստանի խոշորագույն հարկատուների լավագույն հնգյակում է ընդհանուր հարկային մուտքերի գծով. 2025 թվականի հունվարից հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում բանկը Հայաստանի պետբյուջե է փոխանցել 27,96 մլրդ ՀՀ դրամ, ինչը գրեթե հինգ անգամ գերազանցել է նախորդ հաշվետու տարում նույն ժամանակահատվածի համար բանկի կատարած վճարումների չափը:
«Այս կիսամյակի արդյունքները մեզ համար բացարձակ ռեկորդ են։ Սա ոչ միայն բանկի հաճախորդամետ և թափանցիկ գործունեության արդյունքն է, այլև Հայաստանի տնտեսության աճին և կայունությանը մեր հավատարմության ապացույցը», — նշեց բանկի Ֆինանսական տնօրեն Գարեգին Գևորգյանը։
2025թ․ հունիսի 30-ի դրությամբ Արդշինբանկի հաճախորդների թիվը կազմում է շուրջ 570 000, որոնց սպասարկում են բանկի՝ 2 300-ից ավելի աշխատակիցներ Հայաստանի ողջ տարածքում գործունեություն ծավալող 72 մասնաճյուղերի միջոցով։ Բացի մասնաճյուղերում սպասարկվելու հնարավորությունից, բանկն իր հաճախորդների բոլոր խմբերին առաջարկում է իրենց կարիքներին համապատասխանեցված ճկուն և ապահով հեռահար ծառայությունների ամբողջական փաթեթ։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
–00—ԱՊ