Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման մայիսի և հունիսի ամփոփագիրը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Հայաստանի տնտեսական աճը մայիսին գրեթե կրկնապատկվել է ապրիլի համեմատ, զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները մայիսին աճել են 19.5 տոկոսով՝ պայմանավորված Ռուսաստանից ներհոսքերով, գնաճը հունիսին մեղմացել է մինչև 3.9 տոկոս, թե’ ներմուծումը, թե’ արտահանումը շարունակել են նվազել, առևտրային բանկերի ավանդների և վարկերի առողջ աճը մայիսին պահպանվել է, բյուջեում մայիսին գրանցվել է ՀՆԱ-ի 0.8 տոկոսի պակասուրդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տվյալները ներկայացված են Համաշխարհային բանկի կողմից հրապարակված՝ Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագրում, որն անդրադառնում է մայիս և հունիս ամիսների տնտեսական դինամիկայի վերլուծությանը։
Ըստ ամփոփագրի՝ տնտեսական ակտիվության աճը մայիսին հասել է 10.4 տոկոսի (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ)՝ բարձրանալով ապրիլի 5.4 տոկոսից (տ/տ)։ Աճի՝ հունվար-մայիս ժամանակահատվածի աճողական ցուցանիշը բարձրացել է մինչև 5.7 տոկոս (տ/տ)։ Մայիսին աճի ավելի արագ տեմպը պայմանավորված է եղել շինարարության (մինչև 22.2 տոկոս, տ/տ) և ծառայությունների, առանց առևտրի, աճի ավելի բարձր տեմպերով (10.8 տոկոս աճ, տ/տ, մայիսին՝ համեմատած ապրիլի 5.6 տոկոսի հետ, տ/տ)։ Արդյունաբերության ծավալները շարունակել են կրճատվել՝ նվազելով 5.9 տոկոսով (տ/տ), սակայն ապրիլից պակաս չափով՝ հանքարդյունաբերության ոլորտի աճի՝ մինչև 17.9 տոկոս (տ/տ) թափ հավաքելուն զուգահեռ։ Մշակող արդյունաբերության աճը ևս շարունակվել է՝ նվազելով 13.5 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված ալկոհոլային խմիչքների արտադրության 9 տոկոսով (տ/տ) նվազմամբ և գունավոր մետաղների արտադրության ծավալների շուրջ 70 տոկոսով կրճատմամբ (հաջորդելով 2024 թվականի թողարկման բացառիկ բարձր ծավալներին)։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։