20 տարի աշխատանքը հղկվեց․ կայացավ «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց ՀՀ 2024/2025» շնորհանդեսը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

20 տարի այս աշխատանքն ու մեթոդաբանությունը հղկվել է, այսինքն՝ այն թույլ է տալիս վստահել արդյունքներին։ Այս մասին հունիսի 27-ին Երևանում կայացած «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակման շնորհանդեսի ընթացքում նշեց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության հետազոտությունների գլխավոր խորհրդատու Արտաշես Շաբոյանը։
Այս տարի ևս, ինչպես և 2019 թվականին, «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակումը պատրաստել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը, որը «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի» հայաստանյան գործընկերն է:
«Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց 2024/2025» հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս իրականացնել նշանակալի համեմատություններ ինչպես Հայաստանի ազգային զեկույցի 2019թ․ արդյունքների, այնպես էլ տարբեր երկրների միջև, այդ թվում՝ «Արևելյան Եվրոպա+» խմբի երկրների, որտեղ Հայաստանն ընդգրկված է տարածաշրջանային պատկանելիության սկզբունքով։
«Վերջին տարիներին նույնիսկ տարբեր ռեյտինգներում, մասնավորապես՝ երկրների ինովացիոն վարկանիշներում, ներառվում են նաև GEM-ի ցուցանիշները։ Դա ևս մեկ անգամ թույլ է տալիս հասկանալ աշխատանքի լրջությունը», – հայտնել է Շաբոյանը։
–00—ԱՊ