Համեմատած ամբողջ աշխարհի՝ ՀՀ-ն ունի ձեռներեցության բավական բարձր միտվածություն հասարակության մեջ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Արդյունքները բավականին հետաքրքիր են, հնարավորություն ունեցանք տվյալները համեմատել նախորդ անգամվա եզրակացության և աշխարհում առկա տեղեկատվության հետ։ Այս մասին հունիսի 27-ին Երևանում կայացած «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակման շնորհանդեսի ընթացքում նշեց GEM ազգային թիմի ղեկավար, «Ամերիա» ՓԲԸ գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։
Նշենք, որ Հայաստանը 2-րդ անգամ է միանում այս հեղինակավոր նախաձեռնությանը: Առաջին մասնակցությունը եղել է 2019 թվականին, երբ զեկույցին միացել էր 49 երկիր: 2024 թվականին Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի կազմմանը մասնակցել է 51 երկիր։
«Աշխարհի հետ համեմատությունը շատ հետաքրքիր է իրականացված, որովհետև հարցումը կազմակերպվում է ամբողջ աշխարհում նույն պահին և նույն մեթոդաբանությամբ։», – իր խոսքում մանրամասնեց Տիգրան Ջրբաշյանը։
Հայաստանի ազգային զեկույցը կազմված է 8 գլխից, որում անդրադարձ կա ձեռնարկատիրությանը և ձեռնարկատերերի հանդեպ վերաբերմունքին, բիզնես սկսելու մոտիվացիային, բիզնեսի ազդեցությանը տնտեսության վրա, ինչպես նաև՝ թվային գործիքների կիրառությանը բիզնեսում։
«Համեմատած ամբողջ աշխարհի՝ մենք ունենք ձեռներեցության բավական բարձր միտվածություն հասարակության մեջ, նախկին ԽՍՀՄ երկրները միշտ ցույց են տալիս ձեռներեցության նկատմամբ շատ ավելի ցածր հետաքրքրություն։ Ասեմ նաև, որ այդ ցուցանիշը նվազել է 2019 թվականի տվյալների հետ համեմատ, կարծում ենք, որ դրա պատճառն այն է, որ 2019-ին՝ հեղափոխությունից հետո, ավելի ռոմանտիկ պատկերացումներ կային ապագայի նկատմամբ։ Հետագայում, ցավոք սրտի, ան ճգնաժամերի միջով որ անցավ մեր երկիրը, բերեցին ցուցանիշի նվազման», – նկատեց Ջրբաշյանը։
«Առաջնային խնդիրներից մեկը մեր ձեռներեցության կոմպետենցիաների և կրթվածության մակարդակն է։ Այո՛, մենք ձեռներեց ենք, բայց չունենք անհրաժեշտ գիտելիքներ համեմատական այլ երկրների նկատմամբ, ինչը թույլ կտա ունենալ հաջողակ ձեռներեցություն։ Լրջագույն խնդիրներից է նաև այն, որ Հայաստանը բավական ցածր տեղում է գտնվում թվային գործիքների կիրառման մասով», – ընդգծեց խորհրդատվական ծառայության ղեկավարը։
–00—ԱՊ