Moody’s-ը վերանայման է դրել «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ի վարկանիշները
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցման հնարավորությամբ վերանայման է դրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ba2» կորպորատիվ վարկանիշը՝ «կայուն» կանխատեսմամբ և դեֆոլտի հավանականության «Ba2-PD» վարկանիշը: Այս մասին հայտնել է aysor.am-ը։
Moody’s-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ վարկանիշները վերանայման են տեղափոխվել ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին հաղորդագրություններից և այն հայտարարություններից հետո, որ Հայաստանի վարչապետն առաջարկել է ազգայնացնել ՀԷՑ-ը:
Moody’s-ը նշում է, որ այս որոշումն արտացոլում է ՀԷՑ-ի՝ կառավարության միջամտության ազդեցության հետ կապված աճող ռիսկերը։
Հիշեցնենք, որ Կարապետյանը երկու ամսով ձերբակալվել է Երևանում՝ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության մասին հայտարարություններից հետո։
Կարապետյանը լրագրողներին ասել էր, որ «մի փոքր խումբ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարամյա պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ մոտ եմ եղել հայ եկեղեցուն և հայ ժողովրդին։ Եթե քաղաքական գործիչները ձախողեն, մենք մեր ձևով կմասնակցնենք եկեղեցու դեմ արշավին»։
Սրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «Հայաստանին սպառնալ որևէ մեկը չի կարող։ Ես ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»։
«Այդպես խոսողները բերանում կզգան պետության համը»,- ասել էր Փաշինյանը։
Նա նաև նշել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կազգայնացվի ամենակարճ ժամկետներում։
—00—ՄԱ