Կենտրոնական բանկի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային ՊԼԱՍ-Ֆորումին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը և խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը մայիսի 28-29-ը մասնակցել են Տաշքենդում անցկացվող միջազգային «ՊԼԱՍ-Ֆորումին»:
Ֆորումը միավորել է աշխարհի տարբեր երկրներից ֆինանսական համակարգի բազմաթիվ ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու ֆինանսաբանկային համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի խնդիրները:
Հովհաննես Խաչատրյանը, հանդես գալով կրիպտոինդուստրիային նվիրված քննարկմանը, խոսել է աշխարհում կրիպտոակտիկվների տեսակների, դրանց կարգավորման, ինչպես նաև ապակենտրոնացված հարթակների կարգավորման մասին։ ԿԲ նախագահի տեղակալն անդրադարձել է նաև ՀՀ-ում կրիպտոակտիվներով մատուցվող ծառայությունների տեսակներին և փողերի լվացման / ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի զսպմանը, ինչպես նաև ոլորտի պրուդենցիալ կարգավորմանը։
Դավիթ Նահապետյանը թվայնացմանը նվիրված քննարկման ընթացքում անդրադարձել է Հայաստանի և, մասնավորապես, ֆինանսական համակարգի թվային վերափոխման ընթացիկ իրավիճակին՝ ներկայացնելով ՀՀ փորձը և ապագայի ծրագրերը:
Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Ուզբեկստանի կենտրոնական բանկում և հանդիպել բանկի նախագահի տեղակալ Նոդիրբեկ Սայդուլաեվի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կենտրոնական բանկերի միջև համագործակցության հեռանկարները: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ այցելությունների և փորձի փոխանակման, ինչպես նաև վճարահաշվարկային համակարգերի և ֆինանսական համակարգի կարգավորման ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ:
Նոդիրբեկ Սայդուլաեվը բարձր գոհունակություն է հայտնել դրամավարկային քաղաքականության և սպառողների շահերի պաշտպանության հարցերով Հայաստանի կենտրոնական բանկի գործուն աջակցության համար: Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն իր հերթին պարոն Սայդուլաեվին և Ուզբեկստանի կենտրոնական բանկի ներկայացուցիչներին հրավիրել է այցելելու՝ աշնանը Հայաստանում անցկացվող, հերթական միջազգային «ՊԼԱՍ-Ֆորումին»:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
–00–ՍՊ