Fastex-ի հաշվեկշիռն արդեն հասանելի է Fast Shift-ում
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը «Fastex»-ի հետ համատեղ ներկայացրել են հավելվածի նոր ֆունկցիա, որով օգտատերերը կարող են Fastex-ում իրենց միջոցները հասանելի դարձնել Fast Shift-ում։ Այդպիսով հնարավոր է վճարումներ, գործարքներ և փոխանցումներ կատարել հենց այդ հաշվից:
Նոր գործիքակազմը թույլ է տալիս առանց միջնորդավճարի լիցքավորել Fastex Exchange-ի դրամային հաշիվը՝ օգտագործելով Fast Shift դրամապանակում առկա միջոցները, և հակառակը։ Անհրաժեշտ է պարզապես հավելվածի գլխավոր էջում սեղմել «+» նշանը՝ Fastex հաշվին հասանելիություն ունենալու համար։ Այնուհետև այդ հաշիվը հնարավոր է լիցքավորել, կատարել վճարումներ, ինչպես նաև փոխանցումներ անել հաշիվների միջև։
«Սա իսկապես սպասված նորություն է Fast Shift-ի և Fastex-ի օգտատերերի համար: Մեր ընկերություններն սկսում են համագործակցության մեծ ու յուրօրինակ ձևաչափ, որտեղ վճարումների մշակույթը վերափոխվում է, նոր բնույթ է ստանում։ Համոզված ենք՝ սա նոր նախագծերի ու գաղափարների սկիզբ կդառնա, և առաջիկայում մեր ընկերությունը կներկայանա կարևոր, նորարար ու հետաքրքիր այլ ծրագրերով»,- ասել է «Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։
«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
–00—ՅՄ