Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել. «Հետք»

25/04/2025 Տնտեսական

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացումից հետո Հայաստանն էլ ավելի մեծ թափով է ներկրում թուրքական ապրանքները։ Այս մասին գրում է Հետքը:

2024 թվականին Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 336 մլն դոլարի ապրանք, մինչդեռ արտահանումը կես մլն դոլարի չի հասել։ Տվյալները հրապարակել է Հայաստանի վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ)։

2023 թվականի համեմատ Թուրքիայից Հայաստան ներմուծումը էապես չի փոխվել։ Փոխարենը կտրուկ նվազել է Հայաստանից արտահանումը Թուրքիա՝ 6.4 մլն դոլարից հասնելով 0.4 մլն դոլարի։

Վերջին տասը տարում Թուրքիայից Հայաստան ներմուծման առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել 2023-2024 թվականներին։ Այսինքն՝ 2021 թվականի թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացումից հետո Հայաստանն էլ ավելի մեծ թափով է ներկրում թուրքական ծագման ապրանքները։

2020 թվականին հոկտեմբերի 20-ին, երբ Արցախում ընթանում էին մարտական թեժ գործողություններ, Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց, որով տարեվերջից արգելվեց թուրքական ծագում ունեցող պատրաստի ապրանքների ներմուծումը։

Հայաստանում նման որոշում ընդունվեց, երբ ակնհայտ դարձավ, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ներգրավված է նաև Թուրքիան։ Այդ ժամանակ մեկնաբանվեց, որ սա առաջին հերթին ոչ թե տնտեսական, այլ քաղաքական որոշում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

–00—ՅՄ