Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար

23/04/2025 Տնտեսական

Տավուշի մարզի ևս մեկ դպրոց տեխնիկապես հագեցած դասասենյակ կունենա։ Սահմանամերձ Կողբի  թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիան վերազինվել է։

«Արմաթ»-ը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է։ Հիմնադրամի աջակցությամբ լաբորատորիան  համալրվել է ռոբոտաշինության նոր հավաքածուներով, իրականացվել է նաև համակարգիչների ուժեղացում, սարքավորումների վերանորոգում՝ հնարավորություն տալով տեղի աշակերտներին սովորելու ծրագրավորում, եռաչափ մոդելավորում և ռոբոտաշինություն։

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկության միությունը դիմել էր «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամին, որպեսզի նյութատեխնիկական միջոցներով ապահովեինք 3 դպրոցներ։ Ընտրել ենք հենց այս դպրոցնները, քանի որ այս տարածաշրջանում շատ քիչ են խմբակները, որտեղ կարող են հաճախել տեղի երեխաները»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

««Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը առաջին իսկ դիմելուց հետո կանգնեց մեր կողքին և ժամանակակից տեխնիկայով համալրեց մեր  «Արմաթ» լաբորատորիան. դա մեզ շատ մրցույթներին մասնակցելու հնարավորություն տվեց։ Շնորհակալ ենք իրենց, որովհետև այսօր մենք շատ լավ գիտենք այդպիսի   սարքավորումների նշանակությունը՝ որպես սահմանամերձ գոտի»,- նշել է Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկուշ Ալեքսանյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

–00—ԱՊ