«Այբ»-ը Երևանում անցկացրեց գալա ընթրիք՝ կրթության գաղափարի շուրջ մեկ հարթակում միավորելով մարդկանց
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Մայիսի 15-ը նշանավորվեց կրթական նոր հնարավորությունների համար կայուն ու երկարաժամկետ հիմքերի ստեղծմամբ: «Այբ» կրթական հիմնադրամը Երևանում անցկացրեց առաջին խոշոր գալա ընթրիքը՝ կրթության գաղափարի շուրջ մեկ հարթակում միավորելով շուրջ 250 բարերարների և գործընկերների, կրթությանը նվիրված մարդկանց: Երեկոյի ընթացքում «Այբ»-ն ազդարարեց զարգացման նոր ծրագրերի մեկնարկի մասին, որոնցից երկուսը վերաբերում են «Այբ» ավանի զարգացմանն ու առանձին բաղադրիչների կառուցմանը:
Մասնավորապես՝ կրթական ավանում կկառուցվի ավագ դպրոցի նոր մասնաշենք՝ աշխարհահռչակ BIG (Bjarke Ingels Group) ճարտարապետական ընկերության հետ: «Այբ»-ը, համաշխարհային մակարդակով մրցունակ ու որակյալ կրթական համակարգեր ստեղծելուց բացի, իրականացնում է սոցիալական աջակցության մեծածավալ ծրագիր, և նոր մասնաշենքի կառուցումը կկրկնապատկի ավագ դպրոցի աշակերտների թիվը, որոնց միջինում 70%–ը սովորում է բարերարների աջակցությամբ: Սա նշանակում է, որ, ընտանիքի ֆինանսական կարողություններից անկախ, ավելի շատ երեխա հնարավորություն կունենա ստանալու լավագույն կրթություն: Այս խոշոր նախագծի նպատակով գալա ընթրիքի երեկոյին նվիրաբերվեց 5 մլն ԱՄՆ դոլար:
Ավանի մյուս կարևոր բաղադրիչը Սբ Թարգմանչաց եկեղեցու կառուցումն է, որը խորհրդանշում է ճանաչողության և հոգևոր արժեքների կապն ու սրբոց Թարգմանչաց շարժման խորհուրդը, որն «Այբ»-ի ձևավորման հիմքերում է: Այս նպատակով գալա ընթրիքի ընթացքում նվիրաբերվեց 1 մլն ԱՄՆ դոլար:
Ավանի երկու ծրագրերի մասին մանրամասները՝ շուտով:
Մեր առաքելությունն է լավագույն կրթությունը հասանելի դարձնել բոլորին. հենց այդ նպատակով սկսում ենք մարզերում նոր դպրոցներ ստեղծելու ծրագիր: Այս նախաձեռնության իրագործման համար կա արդեն առաջին 1 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվությունը, որի մասին հայտարարվեց գալա ընթրիքի ժամանակ:
Դրամահավաքի նպատակներից է ապահովել սոցիալական աջակցության ծրագրի շարունակականությունն «Այբ» ավագ դպրոցի աշակերտների համար, որոնց կրթությունը կազմակերպվում է միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» ծրագրով՝ ապահովելով համապարփակ և արժեքահեն կրթություն:
Այսպիսով՝ բացի վերոնշյալ ծրագրային 7 մլն ԱՄՆ դոլարից՝ երեկոյի ընթացքում կատարված նվիրատվություններն ու խոստումները կազմում են 167 մլն դրամ, որոնք կուղղվեն կրթավճարային ֆոնդի համալրմանն ու զարգացման այլ ծրագրերի:
Այս դրամահավաքը և ԱՄՆ-ում ավելի վաղ կազմակերպված միջոցառումը՝ նվիրված հիմնադրամի նպատակային դրամագլխի հիմնմանը, մեր երկարաժամկետ նպատակների և ծրագրերի շարունակականության երաշխիքն են, մեր պատասխանատվության խոստումը հասարակությանը:
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ներկայությամբ, վստահությամբ և աջակցությամբ դարձան այս հիշարժան իրադարձության մաս, ու մեր համայնքի բոլոր նվիրյալներին, որոնք մեր մեծ երազանքն ու գաղափարը տարիներ շարունակ դարձնում են իրականություն:
Յուրաքանչյուր ներդրում և աջակցություն մեզ համար հնարավորություն է՝ կրթության ուժով վերափոխելու Հայաստանն ու մեր երեխաների ապագան։
–00—ԱՊ