Հազարավոր սրբավայրերին ավելացավ ևս մեկը. Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին օծվեց

15/09/2025 21:53 Մշակույթ

 

Այս տարի Խաչվերացի տոնին կրկնակի ուրախություն էր Արագածոտնի թեմում։

Թեմի հարյուրավոր աղոթատների կողքին, Սրբալույս Մյուռոնով օծվեց և հավատավոր զավակների առաջ դռները բացեց ևս մեկ սրբավայր։ Հայտնում են թեմի մամուլի ծառայությունից։

1990-ական թվականներին հիմնադրված եկեղեցին չնայած խոնարհված լինելուն սիրելի սրբատեղի է համայնքի բնակիչների համար, որոնց ջանքերով տարբեր ժամանակներում կատարվել են բարեկարգման աշխատանքներ:

Ի հավելումն բազմաթիվ ազգանպաստ գործերի, 2024 թվականից բարերարությամբ ստամբուլահայ բարերար Եփրեմ Բաղի սկսվեց և ավարտին հասցվեց եկեղեցու վերակառուցման մեծածավալ աշխատանքները։

Խաչվերացի հրաշազարդ տոնին, ձեռամբ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի փոխանորդ Գերաշնորհ Տեր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, օծվեց Ներքին Բազմաբերդ համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին և Սրբազան Հայրերի հանդիսապետությամբ մատուցվեց անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագ։

Հընթացս Սուրբ Պատարգի խոսված քարոզում Թեմակալ Առաջնորդն իր երախտիքի խոսքն հայտնեց բարերար ընտանիքին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ ունեցած իրենց նվիրումի համար։ Սրբազան Հայրն իր շնորհակալությունն հայտնեց նաև բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել եկեղեցու կառուցման Աստվածահաճո գործում և կարևորեց այս աղոթատան նշանակությունը համայնքի հոգևոր կյանքում։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական կոնդակով Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բարերար Եփրեմ Բաղը պարգևատրվեց Հայ Եկեղեցու Սբ. Ներսես Շնորհալի պատվո շքանշանով:

Սուրբ Պատարագի ավարտին տեղադրվեց եկեղեցու խաչերը և օրը շարունակվեց մշակութային միջոցառումներով։