Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա Պերսեպոլիսում

27/08/2025 20:44 Մշակույթ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում, Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրի տարածքում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը։ Հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Համերգը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին։ Աննախադեպ այս իրադարձությանը ներկա կգտնվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Այս բացառիկ համերգը կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Իրանում ՀՀ դեսպանության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության, Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության, ինչպես նաև Ֆարսի նահանգապետարանի սերտ ու արդյունավետ համագործակցության շնորհիվ։

Համերգի մենակատարն է հռչակավոր տենոր Լիպարիտ Ավետիսյանը, որի կատարմամբ կհնչեն Սայաթ-Նովայի «Իմ քամանչա» արիան Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայից, Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան» և Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» երգերը։ Կհնչի նաև Ռուհոլլահ Խալեղիի «Ո՜վ Իրան» հայրենասիրական երգը: Երեկոյի գագաթնակետը կլինի Արամ Խաչատրյանի մեծակտավ Սիմֆոնիա թիվ 2-ը։

Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախորդ այցելությունը Իրանի Իսլամական Հանրապետություն կայացել է 25 տարի առաջ՝ 2000թ-ի փետրվարի 5-26-ը: Թեհրանի Վահդաթ համերգասրահում ներկայացվել է Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» օպերան՝ կոմպոզիտորի ղեկավարությամբ:

–00—ՍՊ