Աշխարհի արարման թեման՝ Մատենադարանի գրավոր ժառանգության պատկերազարդման համակարգում

13/08/2025 20:41 Մշակույթ

Մատենադարանի գրավոր ժառանգության պատկերազարդման համակարգում ուրույն տեղ ունի աշխարհի արարման թեման։ Արարչագործությունը ներկայացնող տողերը հիմնված են Աստվածաշնչի Ծննդոց գրքի Առաջին գլխի վրա: Ընդգրկուն և խորհրդավոր ներկայացված են Արարչագործության յոթ օրերը, իսկ դրան ուղեկից մանրանկարներն ու պատկերներն ամբողջացնում են տեքստն՝ ընդգծելով ճանաչողական, զգայական ու հոգևոր ազդեցությունը։

Ձեռագիր մատյանների նկարազարդման գեղագիտական ըմբռնումները, գույնի և պատկերի խորհրդաբանությունը յուրահատուկ ձևով արծարծվել են հայ միջնադարյան արվեստում՝ սկսած վաղ շրջանից ընդհուպ մինչև 19-րդ դարի առաջին կես։ Առավել հաճախ պատկերազարդվել են Ավետարանները, ապա Աստվածաշունչ, Շարակնոց, Ճաշոց, Մաշտոց մատյանները, հազվադեպ հանդիպում ենք նաև Յոթօրյա արարչագործությանը նվիրված պատկերներ:

Սուրբգրային պատկերային լավագույն վերարտադրություններով մատյանների ցուցադրությունը Մատենադարանում ներկայացված է «Արարչագործ բնության ձեռագրական խորհուրդը» ցուցադրությունում։

Պատկերաշարում՝

Արարչագործության օրերը, Աստվածաշունչ, 1668-1669 թթ., Կաֆա (Ղրիմ), գրիչ՝ Վրթանես, ծաղկող՝ Նիկողայոս Մելանավոր

Արարչագործության օրերը, Աստվածաշունչ, 1669 թ., Կաֆա (Ղրիմ), գրիչ և ծաղկող՝ Նիկողայոս Մելանավոր

Ցամաքի, բույսերի, ծաղիկների ստեղծումը Արեգակի, լուսնի և աստղերի ստեղծումը (Արարչագործության երրորդ և չորրորդ օրերը), Ավետարան, 1603 թ., Առինջ գյուղ, գրիչ՝ Մարտիրոս աբեղա, ծաղկող՝ Զաքարիա Ավանցի

Ձկների և թռչունների ստեղծումը Կենդանիների և մարդկանց ստեղծումը (Արարչագործության հինգերորդ և վեցերորդ օրը) Ավետարան 1600 թ., Վարագ (Ավանց գյուղ), գրիչ՝ Մարտիրոս Մոկացի, ծաղկող և կազմող՝ Զաքարիա Ավանցի

Ձկների և թռչունների ստեղծումը, կենդանիների և մարդկանց ստեղծումը (Արարչագործության հինգերորդ և վեցերորդ օրը), Օխուի Ավետարան, 15-րդ դար, ծաղկող՝ Քրիստափոր։

–00—ՍՊ