Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուի շքեղ Գանձարանները
05/07/2025 21:58
Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Գանձարանները հայ միջնադարյան երաժշտածիսական մատյանների տեսակ են, որոնք ամփոփում են Գանձերն ու Տաղերը (երբեմն հանդիպում են առանձին ժողովածուներ, որ ներառում են միայն Տաղեր կամ միայն Գանձեր)։
Գանձերը հայ միջնադարյան վանական կենցաղավարության բացառիկ արտահայտությունն են։ Իրենց ընդարձակ բնագրերով սրանք ամենածավալուն հոգևոր հիմներն են, որ ամփոփում են ծիսական օրվա խորհրդին/սրբին առնչվող պատումը, այդ պատումի բացատրություններն ու մեկնությունները, նրան նվիրված ներբողական մասերը և այս ամենին ներհյուսված ապաշխարության ընդհանրական բանաձևերը, եզրափակիչ աղոթքներն ու բարեխոսության հայցումները։
Գանձերը կատարվում էին տոնական օրերի առավոտյան ու երեկոյան ժամերին, ներկայիս ծիսական երգեցողության մեջ սրանք չեն պահպանվել։
Քարոզի ժանրի այս վերակերտումը, հիմնովին վերաիմաստավորումը կապվում է Գրիգոր Նարեկացու անվան հետ։ Բացի նրանից, որ Գրիգոր Նարեկացուց առաջ գանձերի հեղինակների անուններ մեզ չեն հասել, ինքնին «գանձ» անունն առաջացել է ըստ երևույթին այս ժանրում նրա ստեղծագործությունների սկզբնաձևից։ Գրիգոր անունը կազմելու համար Նարեկացու քերթվածների մեծ մասը սկսվել է «Գանձ» բառով, որից էլ ժանրը ստացել է իր անունը): ։
Գրիգոր Նարեկացուց հետո խոշորագույն Գանձասացներից է Մխիթար Այրիվանեցին (1265–1275 թթ․), որի մշակութային գործունեությունն առհասարակ աչքի է ընկել հոգևոր ժառանգության հավաքչության միտումով։ Այսպէս նա կազմել է հոգևոր ընթերցանության անհրաժեշտ բոլոր նյութերը պարփակող մի Ճառընտիր։ Այրիվանեցու գանձերին նույնպես հատուկ են համապարփակ, օրվա խորհուրդն իր ամբողջության մեջ ներկայացնող պատումները։
Հայտնի գանձասացներ են Խաչատուր Կեչառեցին (1260-1330) , Մկրտիչը, որոնց գանձերը ձեռագրերում հաճախ հանդես են գալիս միասին։ Գանձարանների՝ որպես Գանձերի-տաղերի ամբողջական ժողովածուների հետագա խմբագրության մեջ մեծ դերակատարություն ունի Գրիգոր Խլաթեցին (1349-1425 թթ․), հեղինակային Գանձարան է պահպանվել նրա աշակերտ Առաքել Բաղիշեցուց (1380-1454): Ըստ խազագրության, բոլոր գանձերը երգվել են ընդհանուր մի բանաձևով։
Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուում Գանձարանների թիվը հասնում է մոտ 200-ի։