ՀՀ-ի մասնագետները Ավստրիայում զեկույցներ են ներկայացրել՝ նվիրված Հայկական լեռնաշխարհում վիմագրմանը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Ս. թ. մայիսի 27-ին Ավստրիայի գիտությունների ակադեմիայում տեղի է ունեցել աշխատաժողով` նվիրված Հայկական լեռնաշխարհում վիմագրման ավանդույթին: Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրով իրականացվող «Վիմագրման ավանդույթը Հայկական լեռնաշխարհում. Վանի թագավորությունից մինչև ուշ միջնադար» թեմայի շրջանակում, որի գիտական ղեկավարը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վիմագրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Արսեն Հարությունյանն է: Աշխատաժողովին ներկայացված զեկուցումները նվիրված էին հայոց պատմության տարբեր շրջափուլերում ստեղծված վիմագրական ժառանգության առանձնահատկություններին։ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմաբան Վահե Սարգսյանը ներկայացրել է Վանի թագավորության գրավոր մշակույթը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Հայկ Գյուլամիրյանը ներկայացրել է Անտիկ ժամանակաշրջանի վիմագրական ժառանգությունը, իսկ վիմագրագետ, պ.գ.թ. Արսեն Հարությունյանը` հայ միջնադարյան վիմագրությունը Քրիստոնյա Հայաստանում: «Վիմագրերը մեր պատմության քարեղեն վկաներն են, և, գրավոր ժառանգությանը հղում անելով, մենք կարող ենք առաջին հերթին լուսաբանել մեր պատմությունը , մեր ակունքները՝ հիմնված փաստական, աղբյուրագրական բազայի վրա»,- մեզ հետ զրույցում նշեց վիմագրագետ Արսեն Հարությունյանը։
Նմանատիպ աշխատաժողովների կարևորության մասին խոսելիս՝ վերջինս նշեց, որ քարեղեն վավերագրերը լավագույն միջոցն են մեր պատմության նախաքրիստոնեական, ինչպես նաև քրիստոենական շրջանը առավել ներկայանալի և հանրությանը հասանելի դարձնելու համար։ Սրանով փորձ է արվում պատմությունը հասանելի դարձնել ոչ միայն մեր ժողովրդին, այլ նաև աշխարհին` տվյալ դեպքում եվրոպական հանրությանը,-«Վիմագիրն այն հավաստի աղբյուրն է, որը վկայակոչելով կարող ենք մեր պատմության տարբեր շրջափուլերը լուսաբանել՝ պարզելով անորոշ համարվող մի շարք հարցերի պատասխաններ»,-հավելեց վիմագրագետը։
Իր խոսքում Արսեն Հարությունյանը ցանկացավ շեշտադրել նաև այն հանգամանքը, որ վիմական արձանագրությունները հաճախ պատշաճ չեն լուսաբանվում, ստվերում են մնում, և այդ առումով, այս նախագիծը գալիս է լրացնելու այդ բացը, «Մեզ համար, որպես պատմական սկզբնաղբյուր, հիմք է ծառայել մեր քարեղեն ժառանգությունը, որը կարծում ենք, այն է, ինչ պետք է հայկական գրավոր ժառանգությունը լիովին ընկալելի դարձնելու համար»,-իր խոսքը եզրափակեց վիմագրագետը։ Հավելենք, որ հաջորդ տարի, նույն ծրագրի շրջանակում, Վիմագրման ավանդույթին նվիրված միջազգային գիտաժողով կկազմակերպվի նաև Հայաստանում, որին կմասնակցեն նաև Ավստրիայից հրավիրված մասնագետներ:
–00—ՍՊ