Առաջարկվում է հատկացնել 1,093,750 դոլար՝Ստոկհոլմի արբիտրաժային գործով ՀՀ շահերի պաշտպանության համար
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկում է այս տարվա երկրորդ կիսամյակում իրեն հատկացնել հատկացնել 1,093,750 դոլարին համարժեք դրամ՝ Ստոկհոլմի արբիտրաժային գործով ՀՀ շահերի պաշտպանության համար:
Հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։
Հիմնավորման մեջ նշված է հետևյալը. «Կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վարույթում գտնվող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia թիվ SCC Arbitration V 2025/129 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության ապահովմամբ։
Սույն արբիտրաժային գործով հայցվորները ս․թ․ հունիսի 30-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ) են ներկայացրել միջազգային ներդրումային վեճի մասին ծանուցում, որին հաջորդել են արտակարգ արբիտրաժային վարույթին (Emergency Arbitration) առնչվող գործընթացներ։ Արտակարգ արբիտրաժային վարույթի արդյունքում որոշումը ս․թ․ հուլիսի 22-ին ստանալուց հետո Գրասենյակը ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության նպատակով միջազգային իրավախորհրդատուի ներգրավման աշխատանքներին։ SCC վեճերի լուծման կարգավորումների համաձայն՝ արտակարգ արբիտրաժային վարույթի շրջանակներում որոշումը ստանալու պահից 30-օրյա ժամկետում կողմը կարող է ներկայացնել արբիտրաժային ծանուցում։ Իրավաբանական ընկերությունների թեկնածուների ուսումնասիրման ընթացքում՝ ս․թ․ օգոստոսի 12-ին Գրասենյակը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից տեղեկացվել է արբիտրաժային ծանուցման մասին, որով արդեն իսկ սահմանվել են ընթացակարգային սեղմ ժամկետներ։ Ուստի, իրավաբանական և փաստաբանական խորհրդատվություն մատուցող ընկերությանը ներգրավելու հրատապությունը պայմանավորված է արբիտրաժային վարույթի շրջանակներում սահմանված ժամկետներում պատշաճ իրավական դիրքորոշումների ներկայացման և ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանության ապահովմամբ։
Գնառաջարկների ուսումնասիրման փուլում հաշվի են առնվել հետևյալ չափորոշիչները՝ ընկերության փորձառությունը միջազգային ներդրումային արբիտրաժային գործերով՝ հատկապես էներգետիկ ոլորտում, առաջարկվող իրաբանական ծառայությունների արժեքի մրցունակությունը և հնարավոր շահերի բախման հանգամանքը։ Նշված հանգամանքների ներքո գնառաջարկների ուսումնասիրման արդյունքում իր ծառայությունների համար սահմանված արժեքի և հարուստ փորձառության բացառիկությամբ աչքի է ընկել Ամերիկայի Միացյալ նահանգներում գործող Arnold & Porter ընկերությունը, որը հատկապես ներդրումային արբիտրաժային վարույթների շրջանակներում պետությունների շահերի պաշտպանության գործերով հաջողել է վերջին 60 որոշումներից 53-ում (հաջողություն շուրջ 93% դեպքերում): Ընկերությունը նշված գործում ՀՀ շահերը ներկայացնելու համար առաջարկել է ընդհանուր 3.250.000 ԱՄՆ դոլար, ինչը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը, փորձագիտական ծախսերը, արբիտրաժային վարույթի ծախսերը, թարգմանչական ու տպագրական ծախսերը և այլ վճարներ (ճանապարհածախս և կացարան) և այլն։
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ գնումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է՝ գնումը նախատեսվում է կատարել մեկ անձից գնման եղանակով՝ համաձայն «Գնումների մասին» Հայաստանին Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի։
Հարկ է նշել, որ ընկերությանն անհրաժեշտ է լինելու ապահովել վճարում փաստացի ծառայություններ մատուցելու պահից՝ նախքան վերջինս հետ պայմանագրի կնքումը մատուցվելիք ծառայությունների համար ևս։ Ուստի, սույն որոշման գործողությունը տարածվում է փաստացի ծագած հարաբերությունների վրա և, անհրաժեշտ է ՀՀ վարչապետի աշխատակազմին 2025 թվականի երկրորդ կիսամյակում հատկացնել 1,093,750.0 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը)։
Նախագիծը բխում է «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» ՀՀ օրենքից և ՀՀ կառավարության 2020թ․ օգոստոսի 4-ի թիվ 1289-Ն որոշման դրույթներից և առնչվում են այլ ռազմավարական փաստաթղթերի՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի արտաքին քաղաքականություն, իրավունք և արդարադատություն, մարդու իրավունքների պաշտպանություն կետերին»:
—00—ՄԱ