Փաստաբանը դիմել է ոստիկանապետին՝ Կարապետյանի տան մոտից առգրավված մեքենաները վերադարձնելու պահանջով
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Փաստաբան Տիգրան Հարությունյանը դիմում–բողոք է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Ղազարյանին՝ պահանջելով սեփականատերերին վերադարձնել գործարար Սամվել Կարապետյանի տանն իրականացված խուզարկության օրը թաղամասից առգրավված 50 մեքենաները։ Դիմում–բողոքում մասնավորապես ասվում է.
«2025թ․ հոիւնիսի 17-ին և 18-ին բարերար Սամվել Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող տան /ք․ Երևան, Ուլնեցի փողոց/ մոտակայքից, այդ թվում նաև տանից մինչև 1000 մետր հեռավորության վրա գտնվող տարածքներից առգրավվել են մոտ 50 ավտոմեքենաներ, որոնց առգրավման ժամանակ չի կազմվել որևէ արձանագրություն, չի եղել որևէ իրավական հիմք և մինչև այսօր չի ներկայացվել որևէ պատճառաբանություն կամ հիմնավորում։
Մեքենաների մեծ մասը գտնվում է Երևանի ՃՈ տուգանային հրապարակում։Սեփականատերերին որևէ պատասխան չի տրվում, թե ինչու նրանց մեքենաները չեն վերադարձվում իրենց։ Ավելին, դիմել եմ ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Արտակ Գևորգյանին, ով պաշտոնապես հայտնել է, որ նշված տարածքներից առգրավված որևէ մեքենա չի անցնում իրենց քրեական վարույթով, այսինքն այն վարույթով, որտեղ քննվում է Սամվել Կարապետյանի մեղադրանքը։
Ձեզ օրեր առաջ փաստաբաններ Կարեն Գաբրիելյանը և Արմեն Նաղդալյանը դիմում բողոքներ են հասցեագրել, որոնց մինչև օրս պատասխան չի տրվել։ Այսպիսով, արդեն 9-րդ օրն է, որ քաղքացիների սեփականությունը ակնհայտ անօրինական կարգով առգրավվել է, և դրանք նույն անօրինական կարգով պահվում են ոստիկանությունում։
Ավելին, դրանք Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքով նախաձեռնված քրեական վարույթով չեն անցնում։ Ստացվում է, որ Դուք ակնհայտ ապօրինի մեքենաները պահում եք ոստիկանությունում, հaվանաբար ներքին անօրինական հրահարգի կամ կարգադրության հիման վրա։
Ձեր գործողություններով արդեն 9-րդ օրն է, որ ոտնահարվում է 50 քաղաքացու սեփականության իրավունքը, ինչը հանցագործության կասկած է հարուցում, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հանցանքներին, այդ թվում նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և/կամ լիազորությունները անցնելու և/կամ ակնհայտ անօրինական հրաման կատարելու և/կամ խմային շահերից ելնելով
իշխանությունը յուրացնելու և/կամ սահմանմադրևական կարգը տապալելու եղանակով քաղաքացիների սահմանադրական իրավունքները խախտելու հանցանքներով։ Ավելի հստակ կարելի է արարքը որակել, երբ պարզ կլինի գործի ամբողջ մանրամասները։
Այսպիսով, առաջարկում եմ զերծ մնալ ակնհայտ անօրինական հրամաններ կատարելուց, և առաջարկում եմ պահպանել սահմանադրական կարգը, չենթարկվել որևէ անձի անօրինական կարգադրություններին և հնարավորինս շուտ նշված մեքենաները հանձնել իրենց սեփականատերերին։
Եթե կարիք կա որևէ ստուգման, ապա դուք պարտավոր էիք մինչ այս կազմակերպել այդ գործողությունները և մեքենաները վերադարձնել սեփականատերերին։
Ձեզ առաջարկվում է հնարավորինս շուտ մեքենաները վերադարձնել իրենց սեփականատերերին, հակառակ պարագայում ստիպված ենք լինելու հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմով»։
–00—ՅՄ