Քահանայության կոչման արարողություն է կատարվել Անթիլիասի Մայրավանքում

07/06/2025 20:40 Չդասակարգված

 

Քահանայության կոչման արարողություն է կատարվել Անթիլիասի Մայրավանքում, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, Դպրեվանքի աւարտական դասարանի աշակերտ Բարեշնորհ Վարդան սարկաւագ Ասայեանի քահանայական (աբեղայական) կոչման արարողութիւնը կատարուեցաւ Շաբաթ, 7 Յունիս 2025-ի երեկոյեան ժամը 04։30-ին, Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, ձեռամբ Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեանի եւ խարտաւիլակութեամբ Դպրեվանքի հսկիչներէն Հոգշ. Տ. Ազատ Աբղ. Ֆիլիքեանի։

«Ուրախ լեր» շարականի երգեցողութեամբ սկիզբ առաւ կոչման արարողութիւնը։ Խարտաւիլակ հայր սուրբը ընծայեալը եկեղեցւոյ գաւիթէն ծնրադիր առաջնորդեց դաս, ուր ան կատարեց իր ուխտը, նզովեց բոլոր հերձուածողներն ու հերետիկոսները եւ յօժարակամ ընդունեց հետեւիլ եկեղեցւոյ հայրերու ուսուցումներուն։

Աւարտին, ի դիմաց Վեհափառ Կաթողիկոսին, Կիլիկեան ուխտեալ միաբանութեան եւ հաւատացելոց, Վարդան սարկաւագ ընթերցեց ուղղափառ հաւատքի դաւանութիւնը եւ ուխտեց Աստուծոյ օրհնութեամբ ու ազատ կամքով կուսակրօն քահանայութեան ու հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ճամբով իր ծառայութիւնը բերել մեր ազգին, Հայրենիքին ու ժողովուրդին։

Յայտնենք, որ վաղը առաւօտուն՝ 8 Յունիսի առաւօտեան ժամը 09։30-ին, յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագին, տեղի պիտի ունենան օծման եւ կուսակրօնութեան խորհրդանիշ վեղարի տուուչութեան արարողութիւնները»։

–00—ՍՊ