Փաշինյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագրերը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է ռազմավարության հիմնական նպատակները, մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքի, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի, առողջապահության իրավունքի, խտրականության արգելքի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, երեխայի իրավունքների, կյանքի իրավունքի, սոցիալական ապահովության իրավունքի, հավաքների ազատության, կրթության իրավունքի ապահովման, ինչպես նաև միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Նախարարը մանրամասնել է իրականացված քայլերը, որոնք ներառել են մասնագիտական կարողությունների զարգացմանը, օրենսդրական նախաձեռնությունների մշակմանն ու իրազեկման միջոցառումների իրականացմանը վերաբերող գործունեությունը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2025 թվականին նախատեսված միջոցառումներին։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ և ժամանակին իրականացումը՝ ընդգծելով դրանց նշանակությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության և իրավական պետության կայացման գործում։
–00—ՍՊ