Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի հղումից հրաժարվելով կազմաքանդելու են պետականության հիմքերը
17/04/2025
Չդասակարգված
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
«Լուավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում անդրադարձել էր այն խնդրին, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում բարձրացնում է հարց, թե իբր Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Փաշինյանը նշել էր, որ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ունի Սահմանադրության տեքստին պաշտոնական մեկնաբանություն տալու լիազորություն։ Նա ընդգծել էր, որ այդ դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ ՀՀ Սահմանադրության տեքստը, ներառյալ Անկախության հռչակագրին հղումը, չի պարունակում տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
Այս ելույթից ուղիղ մեկ օր անց, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, վարչապետը հայտարարել էր, որ իր կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։
Ամեն օր փոփոխվող դիրքորոշումներով հնարավոր չէ բանակցել Ադրբեջանի հետ։ Փաշինյանը կամ պետք է հայտարարի, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ հարցը փակված է, կամ էլ խոստովանի, որ կիսում է ադրբեջանական կողմի մտահոգությունը և պատրաստվում է նրանց պահանջներին համապատասխան նոր Սահմանադրություն ընդունել։ Երրորդ տարբերակ չկա։
Հարկ եմ համարում ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության անբաժանելի մաս կազմող Անկախության հռչակագրի հղումից հրաժարվելը նշանակում է ուղղակիորեն խարխլել և կազմաքանդել մեր պետականության հիմքերը»:
–00—ՍՊ