Ֆրանսիան առաջին անգամ առաջ է անցել Գերմանիայից ապաստանի տրամադրման խնդրագրերի քանակով
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Ֆրանսիան փետրվարին առաջ է անցել Գերմանիայից ապաստանի տրամադրման խնդրագրերի քանակով՝ Գերմանիայի միգրացիոն քաղաքականության խստացման ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Եվրոպայի վիճակագրական գործակալության՝ «Եվրոստատ»-ի տվյալները։
Այսպես, փետրվարին Ֆրանսիան գրանցել է 13 065 ապաստանի խնդրագիր՝ առաջ անցնելով Իսպանիայից (12 975 հազար) և Գերմանիայից (12 775)։ «Եվրոստատ»-ի հաշվետվությունից հետևում է, որ ամենաքիչ դիմումները գրանցել են Լիխտենշտայնում (5), Չեռնոգորիայում (10) և Հունգարիայում (10):
Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան այդ ցանկը գլխավորել է հինգ տարվա ընթացքում առաջին անգամ։ Ընդ որում, միգրանտների թիվը, որոնք ցանկանում են պաշտոնական կարգավիճակ ստանալ Ֆրանսիայի տարածքում, վերջին ամիսներին կայուն է մնացել և տատանվում է հազարի սահմաններում։ Գերմանիայում խնդրագրերի թիվն, ընդհակառակը, կտրուկ նվազել է. այս տարվա հունվարին այդ թիվը կազմել էր 16 600։
Հունվարի 29-ին Գերմանիայի կառավարությունն ընդունել է Քրիստոնեադեմոկրատական միություն և Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) խմբակցության բանաձևը միգրացիոն քաղաքականության խստացման մասին, որին հավանություն է տվել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը։ Փաստաթուղթը հանձնարարական բնույթ է կրում։
Գերմանիայում միգրացիոն օրենսդրության խստացման անհրաժեշտության շուրջ քննարկումները նոր ուժով են բորբոքվել այն բանից հետո, երբ հունվարի 22-ին Աշաֆենբուրգ քաղաքում 28-ամյա աֆղանստանցին զբոսայգում դանակով հարձակում գործեց անցորդների վրա՝ սպանելով 41-ամյա տղամարդու և 2-ամյա երեխայի: Իսկ փետրվարի 13-ին Աֆղանստանից միգրանտը Մյունխենում վրաերթի էր ենթարկել մի խումբ մարդկանց՝ վիրավորելով առնվազն 37 հոգու, որոնցից երկուսը՝ երկու տարեկան աղջիկը և նրա մայրը, մահացել են ստացած վնասվածքներից: