Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում իրականացրել է մաքսային համակարգի տեխնիկական կարգավորում, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Ըստ դրա՝ 3-րդ երկրների միջոցով Հայաստանի հետ իրականացվող ներմուծման, արտահանման և տարանցիկ գործարքների մաքսային հայտարարագրերում կարող է այսուհետև կիրառվել Հայաստանի պաշտոնական կոդը՝ «077»-ը։ Համապատասխան փոփոխություններն արդեն կատարվել են Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում:
Այս գործընթացի շրջանակում հնարավոր կլինի Թուրքիայից երրորդ երկիր, իսկ այնտեղից Հայաստան ուղարկվող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագումը նշել որպես «Հայաստան/Թուրքիա»։
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը հիմա կազմում է մոտ 335-350 մլն դոլար։ Նպատակ կա կարճաժամկետ հեռանկարում այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։
–00—ՅՄ