«Ամենաթողության վտանգավոր դրսևորումը՝ ազգային միասնության պառակտման միջոցով»

20/09/2025 17:07 Քաղաքական

«Ամենաթողության կործանարար հետևանքը մեկ օրինակով

Երբ պետության ղեկավարն իրեն թույլ է տալիս ազգային բարերարներին և հայրենասիրական գործունեություն ծավալած մարդկանց պիտակավորել որպես «էմիսարներ» կամ «գործակալներ», սա այլևս քաղաքական բանավեճի առողջ դաշտ չէ, այլ ամենաթողության և անպատասխանատվության ամենավառ դրսևորում։ Իշխանությունը, որը պիտի միավորի ժողովրդին և խրախուսի ազգային միասնականությունը, իր գործելակերպով հարվածում է հենց այդ արժեքներին։

Այս վարքագիծը վկայում է ոչ թե ուժի, այլ թուլության մասին․ երբ փաստարկների փոխարեն գործի են դրվում վիրավորանքներն ու պիտակները, նշանակում է՝ իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել իր քաղաքականությունը տրամաբանված և փաստարկված։ Ավելին՝ այն հերթական անգամ հաստատում է, որ ձևավորվել է վտանգավոր մի միջավայր, որտեղ հակառակ կարծիքը համարվում է դավաճանություն, իսկ իշխանության հանդեպ ցանկացած քննադատություն՝ թշնամանք։

Արդյունքում պետությունը վերածվել է ոչ թե իր քաղաքացիների ու սփյուռքի համախմբող կառույցի, այլ իշխանավորների սեփական շահերը սպասարկող գործիքի։ Սա ազգի պառակտման, բարոյական արժեքների ոտնահարման և պետականության հիմքերի խաթարման ամենավերջին փուլի պաշտոնական հայտարարությունն էր․․․»։

Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան

–00—ՅՄ