Վրաստանում գտնվելու կանոնները խախտած օտարերկրացիների համար նախատեսված օրենքը կխստացվի

19/09/2025 22:24 Տարածաշրջան

2025 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած խստացվելու է Վրաստանում գտնվելու կանոնները խախտած օտարերկրացիների համար նախատեսված օրենքը։ Երկրից արտաքսումը կպարզեցվի, և տուգանքների չափը կավելանա։

Ավելի կոնկրետ՝ եթե հոկտեմբերի 1-ից սկսած օտարերկրացին խախտի երկրում գտնվելու պայմանները, կսահմանվի 1000-3000 լարի տուգանք, նրան նաև կարգելվի որոշակի ժամանակահատվածում մուտք գործել Վրաստան։ Նշենք, որ գործող տարբերակը չի նախատեսում երկրից արտաքսում, և տուգանքի չափը կազմում է 180-360 լարի։

Հոկտեմբերի 1-ի «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» համաձայն՝
«Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Վրաստանում գտնվելը մինչև 3 ամիս ժամկետով՝ օրինական մնալու ժամկետի ավարտից հետո, առաջացնում է 1000 լարի տուգանք և օտարերկրացու Վրաստան մուտք գործելու արգելք 6 ամիս ժամկետով,

Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Վրաստանում գտնվելը մինչև 1 տարի ժամկետով՝ օրինական մնալու ժամկետի ավարտից հետո, առաջացնում է 2000 լարի տուգանք և օտարերկրացու Վրաստան մուտք գործելու արգելք 2 տարի ժամկետով,

Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Վրաստանում գտնվելը ավելի քան 1 տարի ժամկետով առաջացնում է 3000 լարի տուգանք և օտարերկրացու Վրաստան մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով,

Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Վրաստանի տարածքով տարանցիկ տեղաշարժը. ճանապարհորդության կանոնների խախտումն առաջացնում է 500 լարի տուգանք (և այլն)», — նշված է օրենսգրքում:
«Քրեական օրենսգրքի» համաձայն, հոկտեմբերի 1-ից Վրաստանի տարածքում տարբեր հանցագործություններ կատարած օտարերկրացիների արտաքսումը նույնպես կպարզեցվի:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

–00—ՍՊ