Ինչի՞ համար եք պարգևատրվում, պարոնա՛յք սպաներ, 44-օրյա պատերազմն ենք պարտվել. Աբրահամյան
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանական հարձակման, Արցախի օկուպացիայի, պարտության և հարյուրավոր զոհերի հիշատակման օրը պարգևատրում ստանալուց ավելի եղկելի բան դժվար է պատկերացնել:
Հայոց բանակի զինվորականը Եռաբլուր այցելելու և համածառայակիցների, ենթակաների շիրիմին հարգանքի տուրք մատուցելու փոխարեն նախընտրում է գնալ մի միջավայր, որտեղ ատում են սպային, հրամանատարին ու որպես «ռասխոդնի մատերիալ» համարում. գնում են պարգևատրվելու:
44-օրյա պատերազմն ենք պարտվել, մեր հայրենիքի արցախյան հատվածն ու ՀՀ տարածքի 240 քառ. կմ տարածքն է հանձնվել, հազարավոր մարդիկ են զոհվել:
Պարոնայք սպաներ, հրամանատարներ:
Խիստ ափսոսանքով եմ գրում այս տողերը, երբեք չէի ուզենա այս մասին գրել, որովհետև սովոր եմ, որ բանակը, զինծառայողը, հրամանատարը միայն հարգանք ու արժանապատվություն են ներշնչում, անվտանգության զգացում առաջացնում, բայց ոչ երբեք ամոթի ու նվաստացման օբյեկտ դառնում»:
–00—ՍՊ