Ռուսական երեք կործանիչ խախտել է Էստոնիայի օդային սահմանը

19/09/2025 19:10 Միջազգային

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 19-ին կանչել է երկրում Ռուսաստանի Դաշնության ժամանակավոր հավատարմատարին՝ նրան բողոք հայտնելու և նոտա փոխանցելու համար՝ կապված Էստոնիայի օդային տարածքի խախտման հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆիննական ծոցում Ռուսաստանի երեք ՄիԳ-31 կործանիչ առանց թույլտվության մուտք են գործել Էստոնիայի օդային տարածք և մնացել այնտեղ մոտ 12 րոպե։

«Ռուսաստանն այս տարի արդեն չորս անգամ խախտել է Էստոնիայի օդային տարածքը, ինչն ինքնին անընդունելի է։ Սակայն այսօրվա ներխուժումը, որում երեք կործանիչներ ներխուժել են մեր օդային տարածք, աննախադեպ է»,– հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։

Նրա խոսքով՝ սահմանների ավելի ու ավելի մասշտաբային խախտումները և Ռուսաստանի աճող ագրեսիվությունը պետք է հանդիպեն քաղաքական և տնտեսական ճնշման արագ ուժեղացմանը։

Էստոնիայի իշխանությունները հայտնել են, որ ներխուժած ռուսական կործանիչները հինգ ծովային մղոն խորացել են երկրի տարածքում և շարժվել դեպի մայրաքաղաք Տալլին։ Դրանք ունակ են կրել «Կինժալ» հիպերձայնային հրթիռներ։

ՆԱՏՕ-ի օդային անվտանգության ուժերը երկինք են բարձրացրել իտալական F-35 կործանիչներ, որոնք որսացել էին ռուսական ինքնաթիռները։

–00—ԼԱ